Կարևորելով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների անհրաժեշտությունը` «Առաքելություն» կուսակցությունը փաստում է, որ արդեն 2 տասնամյակ կեղծվող ընտրությունների «մեղավորն» ամենևին էլ Ընտրական վատ օրենսգիրքը չէ: Փաստացի՝ յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվում է լայնածավալ ընտրակեղծիքներով, որոնք, Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ, նույնպես կատարելագործվում են: Արդյունքում, մի քանի հազար հանցագործներ, կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ, ապահովում են ընտրությունների ցանկալի ելքը գործող իշխանության համար:
Միջազգային դիտորդների, ընդդիմության ճնշման ներքո, աղաղակող փաստերի առկայության պարագայում, իշխանությունը, երբեմն ապահովելով ընտրությունների «բնականոն ընթացքը», պատժում է ընտրակեղծարարներին` մեկ-երկու հոգու նկատմամբ կիրառելով Քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հարյուր հազար դրամ տուգանքը կամ մի քանի տարի պայմանական ազատազրկում:
Հաշվի առնելով ընտրակեղծարարների շահագրգռությունը ` ակնհայտ է, որ նույնիսկ նման պատիժի կրումն «արդարացնում» է հանցագործության կատարումը: Ակնհայտ է, որ նման գործընթացը շարունակվելու է նաև նոր օրենսգրքի պարագայում, քանզի ընտրությունները փաստացի կեղծում են ոչ թե բարձագույն իշխանություն ունեցող մի քանի պաշտոնյա, այլ մի քանի հազար հանցագործներ: Միայն նշված հանցագործությունների համար նախատեսված պատժի խստացումը հնարավորություն կտա նվազեցնել ընտրակեղծարարների շահագրգռվածությունը և դրանց քանակը, ինչն էապես կբարդացնի ընտրակեղծիքների հնարավորությունը:
«Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ, կատարել փոփոխություն Քրեական օրենսգրքում, օրենսգրքում նշված հետևյալ հանցագործությունները համարել ծանր հանցագործություններ` դրանց համար որպես պատիժ սահմանելով տասից տասնհինգ տարի ազատազրկում:
Կարդացեք նաև
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչնդոտելը
Հոդված 150. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը
Հոդված 151. Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը
Հոդված 152. Ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելը
Հոդված 153. Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը
Հոդված 154. Քվեարկության գաղտնիությունը խախտելը
Նշված փոփոխությունը որևէ կերպ չի հակասում ընտրական գործընթացներին, միջազգային չափանիշներին և այն վերաբերվում է հետընտրական գործընթացին: Միևնույն ժամանակ՝ նշված հանցագործություններն իրենց տեսակով դիտավորյալ են, պետության համար վտանգ են ներկայացնում, չեն կարող կրել անզգույշ և/կամ պատահական բնույթ:
Արդյունքում, այն բոլոր ուժերը, ովքեր դեմ կլինեն այս նախաձեռնությանը, փաստացի կդառնան ընտրակեղծարարների պաշտպանը` դրանով ընտրական ողջ գործընթացի փոփոխությունները վերածելով հերթական կեղծ բարեփոխումների:
Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ,
01.03.2015թ.