Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագույրների վաճառքի կետում կնոջը որսորդական դանակով սպանած Ա.Ա.-ն իրեն մեղավոր ճանաչեց (Տեսանյութ)

Մարտ 02,2016 17:52

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հ. Դ-ի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Նախորդ նիստը հետաձգվել էր մեղադրող դատախազի բացակայության հիմնավորմամբ, այս անգամ էլ դատաքննության փուլ չմտավ գործը՝ կրկին դատախազի հետ կապված: Նա միջնորդեց այն հետաձգել՝ նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ Հ.Դ-ին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի կետում անցյալ տարի սեպտեմբերի 27-ին դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է  նախկին ամուսինը՝Ա. Ա.-ն:

Դատարանը որոշեց նիստին ներկա լրագրողներին թույլատրել տեսանկարահանում անել, բայց ոչ պաշտպանական կողմին:

Այսօր նիստին դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունն, ըստ որի՝ Ա. Ա-ն 1995 թվականից փաստական ամուսնության մեջ է եղել Հ.Դ-ի հետ եւ մայիսին ապրել են համատեղ ամուսնական կյանքով, որի ընթացքում ունեցել են 2 երեխա: Նրանք սկսել են աշխատել Մալաթիա տոնավաճառում, զբաղվել են Թուրքիայից ներկրած ապրանքների վաճառքով: 2015-ի հունվարին Ա.Ա-ն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ապա, ինչպես ներկայացրեց դատախազը, փետրվար ամսին վերադառնալուց հետո նկատել է Հ. Դ-ի վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է. «Վերջինս իր նկատմամբ դարձել է սառը, անտարբեր, անգամ ասել է՝ կարող էր չվերադառնալ, քանի որ Ա.Ա.-ն իրեն չի հետաքրքրում: 2015-ի մայիսին Հ. Դ.-ն իրենց կողմից վերցրած վարկի գումարի շուրջ վիճաբանել է Ա.Ա-ի հետ, ապա վերցրել 2 երեխաներին եւ տանից հեռացել ու առանձին ապրել: Սեպտեմբերի Ա.Ա.-կեսին իրենց կողմից օգտագործվող Skype-ից իմացել է, որ ՌԴ-ում գտնվելու ժամանակ գիշերային ժամերին Թուրքիայում գտնվող գործով դեռեւս չպարզված ոմն Նաթիկի հետ է խոսել»: Ըստ մեղադրական եզրակացության, Ա.Ա. -ն վերլուծելով վերջին շրջանում կնոջ անտարբերությունն իր նկատմամբ, սկսել է կասկածել կնոջն ամուսնական անհավատարմության եւ ոմն Նաթիկի հետ դավաճանության մեջ: Այս հանգամանքը պարզելու, ըստ մեղադրականի, եւ Հ.Դ-ին սպանելու դիտավորության մոլուցքով լցված Ա.Ա.-մ որսորդական դանակով գնացել է կնոջ աշխատավայր:

Ապա դատախազը ներկայացրեց, թե ամբաստանյալը որսորդական դանակով ինչպես է սպանել կնոջը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց այս երկու հոդվածներով:

Ամբաստանյալի պաշտպանը նրան հարց ուղղեց՝ եթե Հ. Դ.-ից պարզաբանում ստանար, եւ նա ներողություն խնդրեր, ցանկություն հայտներ շարունակել ամուսնական կյանքը, արդյոք Ա.Ա.-ն կհամաձայնե՞ր, ինչին ի պատասխան նա ասաց, որ ամուսնական կյանքը չէր շարունակի, բայց չէր սպանի:

Տուժողի իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ Ա.Ա.-ին հարցեր ուղղեց՝ ի՞նչ է նշանակում ամուսնական անհավատարմություն, Նաթիքին ճանաչե՞լ է, նրան պա՞րտք էր: Ա.Ա.-ն ասաց, որ Նաթիքին ճանաչել է, բայց նրան պարտք չէ: Մինչդեռ տուժողի հարազատները միանգամից արձագանքեցին, որ ստում է, ամբաստանյալը պարտք է Նաթիքին, որի մի մասը կինն է վճարել:

Իսկ ամուսնական անհավատարմության մասին հարցը դատարանը հանեց նիստից:  Մինչդեռ հարազատները դատարանի դահլիճում ասացին, որ ունեցել է:

Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց,որ հարկավոր է պարզաբանել, թե մեղադրյալն ինչպես է ընկալում անհավատարմությունը՝ արդյոք եթե կինը գնացել է առանձին ապրելու, նրանից բաժանվել է, դա անհավատարմությո՞ւն է:

«Այս դավաճանությունն իր երեւակայության արդյունք է: Քննչական մարմիններն իրավունք չունեին նրա խոսքն առանց ապացույցների, դնեին մեղադրականի հիմքում: Նախաքննության փուլում միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի այդ կապակցությամբ որոշ անձանց հարցաքննեն»:

Սաֆարյանն ասաց, որ գործով քողարկված որոշ հանգամանքներ կան. «Այդ թուրքի հետ ինքն էլ է խոսել, պարտքի թեման է քննարկել, իսկ հիմա, նիստին բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ պարտք չունի Նաթիկին»:

Փաստաբանն ասաց, որ այս գործը տիպիկ ընտանեկան բռնության դեպք է, եւ Ա.Ա.-ն մշտապես բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ մեկուսացրել է ազգականներից եւ այլն. «Կինն էլ չէր բաժանվում, երեւի փորձում էր ընտանիքը պահպանել»:

Դատական նիստին ներկա էր նաեւ սպանված Հ.Դ.-ի եւ մեղադրյալ Ա.Ա.-ի անչափահաս որդին, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրն ամեն չնչին պատճառով մոր նկատմամբ բռնություն էր գործադրում. «Ասենք՝ սրբիչն էր ուզում, մաման մի քիչ ուշացնում էր՝ կռիվ էր սարքում»:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ տուժող կողմը պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել՝ 2 միլիոն դրամ փոխհատուցման պահանջով՝ Հ.Դ.-ի հուղարկավորության նպատակով կատարված ծախսերը ստանալու համար:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին, ժամը 14.00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031