Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Չաքրյան. «Թուրքիան ցանկանում է տապալել Ասադի ռեժիմը եւ նոր կառավարություն ձեւավորել»

Մարտ 02,2016 17:19

«Այս համաձայնագիրն Ամերիկայի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի համաձայնությամբ ստորագրվել է, հիմնականում, որպեսզի Ասադի զորքերի առաջխաղացումը կասեցվի։ Ասադի զորքերի առաջխաղացումը մեծապես պայմանավորված է ահաբեկիչների դիրքերին ռուսական օդուժի հասցրած հարվածներով»,- այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Ըստ նրա՝ այսպես փորձ է արվում հետագայում Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը կասեցնել. «Թուրքիան զինադադարի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք ունի, որովհետեւ ինքը դեռեւս 2011 մարտից, երբ Սիրիան ներքաշվեց պատերազմի մեջ, մտադիր էր զորք մտցնել այնտեղ եւ չէր էլ թաքցնում դա»։

Հակոբ Չաքրյանն ասաց, որ Թուրքիան չի հրաժարվել Սիրիայի նախագահ Ասադին տապալելու եւ նոր իշխանությունների ձեւավորման նախաձեռնողը դառնալու ցանկությունից. «Եթե թուրքական ուժերի միջոցով Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալվի, Թուրքիայի նախաձեռնությամբ պետք է ստեղծվի նոր կառավարությունը։ Նոր կառավարության միջոցով էլ Թուրքիան երկրում կամրապնդի իր դիրքերը եւ հարեւան երկրներում կտարածի իր ազդեցությունը։ Այսպիսով` նա կիրականացնի տարածաշրջանային գերտերություն դառնալու իր երազանքը»։

Նա նշեց, որ Թուրքիան այժմ ցանկանում է զորք մտցնել Սիրիա, սակայն չի կարող միայնակ դա անել, քանի որ վախենում է Ռուսաստանի հակազդեցությունից. «Բացի այդ թուրքական ռազմաօդային ուժերը, ինքնաթիռները Սիրիայի օդային սահմանին 10 կիլոմետրից ավելի չեն կարողանում մոտենալ, որովհետեւ ռուսները զգուշացրել են, որ հենց 10 կիլոմետրից ավելի մոտենան՝ կխփեն։ Դրանից վախենում են եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին ուզում են ներքաշել պատերազմի մեջ։ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատերազմ չի ուզում, իսկ ՆԱՏՕ-ն հակված չէ այդ պատերազմին խառնվել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031