Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւոսիկի պատճառով Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց 4 ոստիկանապետի

Մարտ 02,2016 17:09

Մոտ երկու ժամ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել են միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Գրիշա Ամիրխանյանի պաշտոնազրկումը ոչ միայն անակնկալ է եղել Շիրակի մարզի ոստիկանության աշխատակիցների համար, այլ հենց իր համար: Մեզ հետ զրույցում ոստիկանության աշխատակիցները չգիտեին՝ ի՞նչն է պատճառը, ավելին` հետաքրքրությունից տանջվում էին, թե՝ տեսնես ի՞նչ է եղել: Սակայն, քիչ անց նրանցից մեկը մեզ տեղեկացրեց, որ պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը:

Ոստիկանապետերը, պատգամավորի հրավերով մասնակցել են խնջույքի ու անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի է եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը: Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չի փրկել:

Ոստիկանության նախկին աշխատակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում հեգնեց, թե պաշտոնազրկող էին, այն ժամանակ պաշտոնազրկեին, երբ ոստիկանները գողականների հետ Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքն էին ցրում, գողականը մարդ էր դանակահարում, ոստիկանները լուռ դիտում էին:

Նկատենք, որ Շիրակի մարզային ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը մարզի մյուս պաշտոնյաների կողմից գնահատվում է որպես հավասարակշռված ու շնորհքով անձ, նրանց բնութագրմամբ, վերջինս հենց այն առավելությունն ուներ, որ քրեական տարրերի թակարդը չէր ընկնում: Ինչպես կատակում են պաշտոնյաները, վերջինս անգամ չհասցրեց Գյումրու կրիմինալին ականատես լինել, միանգամից տարան:

Գրիշա Ամիրխանյանը նշանակվել էր անցած տարվա մարտին, նոր-նոր հասցրել էր ընտելանալ Գյումրիին, ծանոթանալ այս մարզի առանձնահատկություններին:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, դա պետք է դիտել բարեփոխումների շրջանակում, վերջիններս կադրային ռեզերվ են ուղարկվել:

Մենք զանգահարեցինք նաեւ պարոն Ամիրխանյանին, սակայն նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031