«Ով ուզում է լինի այդ անձնավորությունը, ի՞նչ է նշանակում ականջ կկտրի, էս կանի, էն կանի։ Այդ ի՞նչ է նշանակում։ Հետո կնոջը սազական վերաբերմո՞ւնք է դա»,- այս մասին «Հայելի» ակումբում, անդրադառնալով օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի հնչեցրած սպառնալիքներին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ օգտատեր Գայանե Շահինյանը սահմանի միջադեպի արդյունքում զոհված մի զինվորի հուղարկավորության առիթով քննադատել էր իշխանություններին ու ՊՆ-ին, որին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել էր՝ «Լակոտ, աչքերդ կհանեմ»:
Փետրվարի 29-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշեց, որ երգչուհի պատգամավորն ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը։ Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասել էր, որ խոսել են Գայանե Շահինյանի հետ եւ նա բողոք չունի։
Գուրգեն Եղիազարյանը չցանկացավ մեկնաբանել այս որոշումը, քանի որ, ըստ նրա, այդ հանձնաժողովը գոյություն չունի. «Եթե գոյություն ունենար կխոսայի։ Էթիկայի հանձնաժողով լինում է այնտեղ, որտեղ էթիկա գոյություն ունի։ Որտեղ կանոններ գոյություն ունեն։ Հիմա ով ինչ ուզում, խոսում է։ Հո այդպես չի՞»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Շուշան Պետրոսյանին՝ Եղիազարյանն ասաց, որ եթե այդքան սիրում, հարգում, պաշտում է պաշտպանության նախարարությունը եւ պատրաստված է նույնիսկ «մարդկանց գլուխ պոկել, գոնե պետք է հանրությանը պատասխան տա։ Հլը լա՞վ եք պատկերացնում դա ոնց է վերցնելու գլուխ պոկելու։ Որ շատ է հարգում, շատ է սիրում, այնտեղ հազար ուրիշ խոսելու բաներ կան, որ ծպտուն անգամ չի հանում։ Թող մի հատ դրա մասին ասի, թե քանի ինքնասպանությունից քանիսն է սպանություն»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ