Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է հրաժարական տա: Այս կարծիքին է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ դեսպանը փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ ցեղասպանությունը համարել է զավեշտական: Նա ասել էր. «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում ցեղ վերացնել, ինչ է նշանակում 1,5 հայերի գլխատել, սա շատ անընդունելի, շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ…»:
Պարոն Պապյանը հասցրել է ծանոթանալ դեսպանի հայտարարությանն ու ապշել. «Փորձել եմ հասկանալ՝ ինչ նկատի ուներ Յուրի Վարդանյանը ցեղասպանությունը զավեշտալի է ասելով, բայց այդպես էլ չկարողացա հասկանալ: Սա հերթական դրսեւորումն է, երբ մարդիկ զբաղվում են ոչ իրենց գործով, նման արդյունքներ են լինում: Երբ ասում են, որ դեսպանը խոսքերը շփոթել է, պետք է հասկանալ, որ խոսքը դիվանագետի գործիքն է:
Դա նույնն է, որ վարորդը շփոթի գազը արգելակի հետ, վիրաբույժը շփոթի գործիքները, դուք պատկերացնում եք՝ ինչ հետեւանքներ կլինեն, նույնն էլ դիվանագետի համար, առավել եւս դեսպանի: Նման խայտառակ հայտարարությունից հետո դեսպանը պետք է հրաժարական տար ու գնար, որովհետեւ ներում չկա»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեսպանի արարքը համարել էր սխալմունք, բառերի սխալ ընտրություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ