Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը. armenian-community.ge

Մարտ 02,2016 16:33

Անցնող ձմեռվա վերջին հանգստյան օրերին` փետրվարի 27-28-ին Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը: Առաջին միջոցառումը` «Սումգայիթ1988 / Խոջալու 1992» դասախոսություն-քննարկումը տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի կենտրոնական գրասենյակում: Դասախոսության նախաձեռնողը և կազմակերպիչը Վրաստանի Հայ Համրանքի Երիտասարդական-Ուսանողական Միության անդամներն էին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ Սումգայիթյան ջարդերի մասին, ինչպես նաև կարդացվեցին դասախոսություններ Սումգայիթի մասին և Խոջալուի ողբերգության հետ կապված ադրբեջանական կեղծումների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին ինչպես Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչներ` ուսանողներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ «Հայարտուն» համայնքային կազմակերպության ներկայացուցիչներ և Վիրահայոց Թեմի քահանան:

«1988թ. Սուգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերը մի կողմից հանդիսանում են այն մեծ ողբերգության օղակներից մեկը, որը վերապրեց մեր ժողովուրդը ХХ դարում: Բայց մյուս կողմից Սումգայիթյան ջարդերը կարևոր դաս են, որի եզրահանգումները մեզնից ոչ ոք իրավունք չունի մոռանալ կամ կասկածի տակ դնել: Իրենց հերթին անցյալ դարի 80-90-ական թվականներին հայկական ջարդեր էին տեղի ունենում փաստացիորեն Ադրբեջանի բոլոր քաղաքներում: Սումգայիթ, Գանձակ, Բաքու… Բայց ինչո՞վ են տարբերվում Սումգայիթյան զոհերը այլ քաղաքների զոհերից:

Սումգայիթը երիտասարդ քաղաք էր, որտեղ ապրում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Սումգայիթի հայկական համայնք, որպես այդպիսին, գոյություն չուներ: Ի տարբերություն ադրբեջանական ջարդարարների` որոնք տների և բնակարանների հստակ ցուցակներն ունեին, որտեղ հայեր էին ապրում, հայերն իրենք չգիտեին, թե որտեղ էին ապրում իրենց եղբայրներն ու քույրերը: Սումգայիթի հայերը հեշտ «որս» էին: Եվ դրանք դարձան զոհ…

Սումգայիթյան հայերի անկազմակերպվածությունը հիմնական պատճառն էր, որ երեք օր տևած ջարդերն ու կոտորածները հայերի կողմից այդպես էլ որևէ դիմադրություն չստացան… Միաժամանակ Գանձակի հայկական ջարդերը, որտեղ ավելի շատ հայեր էին ապրում, այդպիսի մասշտաբային ձև չստացան, ինչպես դա կատարվեց Սումգայիթում: Պատճա՞ռը` Գանձակահայության կազմակերպվածությունը:

Զարգացող վտանգի սպառնալիքի տակ գանձակահայությունը միավորվեց: Հարյուրավոր հայեր միացան և թույլ չտվեցին ադրբեջանցիներին անարգել իրականացնել ջարդ ու կոտորած…

Եզրակացությունները, որոնք մենք բոլորս պետք է կատարենք 28-ամյա վաղեմությունից, ակնհայտ են: Միասնականությունը` ահա մեր փրկության ուղին` ինչպես անհատական, այնպես էլ հավաքական:

Ավելին, խաղաղության և կայունության պայմաններում ձևավորված միասնությունը այն բանի ինքնատիպ երաշխիքն է, որ այդ կայունությունը կլինի հարատև:

Դժվար է խոսել անցյալ ժամանակով, բայց գուցե, եթե Խորհրդային Ադրբեջանի հայերը լինեին ավելի կազմակերպված, միաձուլված, ապա դժվար թե նավթի երկրի ղեկավարության մտքով անցներ ջարդեր կազմակերպելու գաղափարը…», -փետրվարի 27-ին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը:

Փետրվարի 28-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում կայացել է Սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված երկրորդ միջոցառումը: Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ տաճարում անցկացվեց հոգեհանգստի արարողություն, որն անցկացրեց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա աղոթեց անմեղ զոհերի խաղաղ հանգստի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար:

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031