Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Տոնի խորհրդի մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
«Միջինքով կիսվում է Մեծ պահքը, այն Մեծ Պահքի 24-րդ օրն է: Միջինքն այն տոներից է, որը տասնյակ տարիներ մոռացության է մատնվել: Միջինքի հետ կապված ժողովրդական գեղեցիկ ավանդություն կա: Որպեսզի պահքի դժվարությունը մեղմացվի, ժողովուրդը Միջինքի օրն այցելում է հարազատներին եւ ուրախանում: Միջինքով պահքը չի լուծվում: Փոքրիկ ուրախությունները հիմնականում ուտեստների, համեստ երգուպարի տեսքով են դրսեւորվում: Սա եւս մեկ առիթ է` հոգեւոր եւ մարդկային շփման»,-ասաց նա:
Արարատյան հայրապետական թեմն ավանդաբար նշում է ազգային-եկեղեցական տոները, այդ թվում` Միջինքը եւ նպաստում ազգային ավանդույթների վերականգնմանը:
Կարդացեք նաև
ԱՀԹ տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանն էլ ներկայացրեց Միջինքին պատրաստվող ուտեստները` գաթան, «Օձի թթուն», «Թթվե պասը», որոնք պահոց ուտեստներ են. «Հետաքրքիր է, որ գաթայի մեջ մետաղադրամի փոխարեն օրհնված խաչ ենք տեղադրում: Փորձը ցույց է տալիս, որը իսկապես օրհնվում է նա, ում բաժին է ընկնում նշանը: Ինչ վերաբերում է «Օձի թթվին», ապա այն իրենից ներկայացնում է կոլոլակով ապուր: Պատրաստվում է ոսպից, մանրաձավարից եւ ալյուրից եւ եփվում թթվի ջրի մեջ: Տարօրինակ է, բայց շատ համեղ է: Նաեւ զանազան կանաչեղեն է օգտագործվում»,-ասաց Հասմիկը:
Նա նշեց, որ ըստ ժողովրդական ավանդության` գաթան դնում են տան փոքրի մեջքին, ապա կտրատում. «Դա նշանակում է, որ բարիքը փոխանցվում է ավագից կրտսերին: Հին Ջուղայում ավանդույթ կա. եթե դանակը դիպչում է գաթայի մեջ դրված նշանին, տարվա եկամտի աղբյուրը հողն է լինում: Դանակն էլ համեմատում են գութանի խոփի հետ»:
Ի դեպ, բանախոսները Միջինքի գաթա էին բերել եւ հյուրասիրեցին լրագրողներին: Օրհնված խաչը բաժին ընկավ «Հայացք»-ի ղեկավար Լուսինե Մանանդյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ