Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Հաղորդման ընթացքում Աշոտյանի հարցերն անաչառ չէին, ծափերն էլ՝ նախօրոք ծրագրված

Մարտ 02,2016 15:42

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ամեն ուրբաթ Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարի անցած շաբաթվա թողարկմանը մասնակցում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հաղորդման ընթացքում Արամ Մանուկյանը մեջբերեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցից մի հատված, որում խոսք էր գնում «Եռանկյունի» հաղորդման մասին. «Սկսված նոյեմբերի 6-ից «Հ1» հեռուստաալիքը հեռարձակել է միակ շաբաթական հարցեր լուսաբանող թոք շոուն՝ «Եռանկյունի» հաղորդումը, որի ծրագիրը վարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ որը կասկածի տակ է դրել Հանրային հեռուստաընկերության անկողմնակալությունը։ Դուք չեք կարող անաչառ լինել պարոն Աշոտյան, որովհետեւ Դուք այդ կուսակցության փոխնախագահն եք»,- ասաց Արամ Մանուկյանը։

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե հաղորդումից հետո փոխվե՞լ է իր կարծիքը։ Պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ավելի ամրապնդվեց իմ կարծիքը, որ ինքն անաչառ չի կարող լինել։ Իր հարցերն իսկապես այդպիսին չէին։ Սեփական կուսակցի նկատմամբ իր համակրանքն ակնհայտ երեւում էր։ Հարցերի բովանդակության առումով էր երեւում իր աչառու լինելը»։

Արամ Մանուկյանը հաղորդման ընթացքում նյարդայնացել է, քանի որ, ըստ նրա, հաղորդման ընթացքում հնչող ծափերը նախօրոք ծրագրված էին. «Ղեկավարվող ծափեր էին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն օրերս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հաղորդման ընթացքում իր խոսքից որեւէ բառ չէր կտրվել կամ մոնտաժվել։

ՀԱԿ խմբակցության քարտուղարից հետաքրքրվեցինք, թե իր խոսքն ամբողջությա՞մբ է ներկայացվել, թե՞ ոչ. «Նախ ես ամենաքիչն եմ խոսել։ Ինձ թվում է՝ դուք կարող եք դա ուսումնասիրել։ Բայց իմ խոսքն ամբողջությամբ հեռարձակվել է։ Ես իրենից դժգոհ եմ ընդամենը հարցերի բովանդակության համար։ Դրանք չեզոք լրագրողի հարցեր չէին, պատրաստված էին ու Վահրամ Բաղդասարյանին աջակցող էին։ Ինքը մեկնաբանող էր եւ ոչ թե անաչառ լրագրող»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031