Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանում են մի խումբ դերսիմահայեր, որոնք բարձրաձայնում են հայկական արմատների եւ ինքնության մասին: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինն ասաց, որ Արեւմտյան Հայաստանում ծպտյալ հայերի թիվը մեծ է, տարբեր տվյալներով` 3-4 միլիոն: «Նրանք ճնշված են ապրում: Եթե շրջապատում իմանան, որ նրանք հայ են, դժվարություններ կունենան»,-ասաց Գյուլթեքինը եւ հավելեց, որ 1915թ. ցեղասպանությունից հետո հայկական քաղաքներում ու գյուղերում ողջ մնացած հայերը ձուլվել են ալեւիներին եւ այսօր չեն բարձրաձայնում իրենց հայկական ծագման մասին:
«Այսօր Թուրքիայում պատերազմ է ընթանում քրդերի եւ թուրքերի միջեւ, եւ այդ առիթով էլ հայերի անունը մեջտեղ է գալիս: Թուրքիան այս դեպքում էլ է հայի անունն օգտագործում եւ ամեն ինչ ջարդում հայի գլխին»,-նշեց բանախոսը:
Aravot.am-ը Միհրան Փրկիչ Գյուլթեքինին հարցրեց, թե ինչ ընթացք է ստացել Դերսիմի հայկական հուշարձանները վերականգնելու ծրագիրը: Գյուլթեքինն ասաց, որ Դերսիմում ավելի քան 160 հայկական վանքեր եւ եկեղեցիներ են հաշվել. «Ցանկանում էինք առաջնահերթ գոնե դրանցից մեկը վերականգնել` ալեւիական կազմակերպությունների հետ միասին: Դա մեծ նյութական միջոցներ է պահանջում: Մինչ օրս չենք նախաձեռնել վերականգնումը, որովհետեւ առայժմ չի հաջողվում ֆինանսական աղբյուրներ գտնել: Բայց այս խնդրում ամենաշատը հետ մնացողը ՀՀ կառավարությունն է: Թուրքիան ամեն ինչ անում է, օրինակ, արտասահմանում գտնվող թուրքերին հետ բերելու ուղղությամբ, իսկ Հայաստանը ոչինչ չի անում Դերսիմի հայերի հետ կապված»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ