Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանը ավտովթարից տուժող Հակոբյաններին կվճարի 2 մլն դրամ. Հաշտություն դատարանում

Մարտ 02,2016 14:23

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխհատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է 3 մլն 400 հազար։

Այսօր՝ մարտի 2-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը, ինչպես նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հաշտության եկան:

Մինչ հաշտության առաջարկություն անելը, Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի շարք փաստեր, թե ինչու փաստաբանների ծախսը չի կարելի դիտարկել որպես վնաս, այն դատական ծախս պետք է համարվի: Նա դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին ներկայացրեց նույնիսկ իր կայացրած մի քանի դատական ակտեր, որտեղ փաստաբանի ծախսը մեկնաբանվում է դատական ծախս, ոչ թե վնաս: Ըստ նրա, եթե հայցվորը դատական ծախս է արել, ինչո՞ւ պետք է դա Վարդան Պետրոսյանը վճարի, այդ գումարը կարող են բռնագանձել «Ռուբեն Բալոյան» ԱՁ-ից:

Vardan_Petrosyan_dat_8 Vardan_Petrosyan_dat_7 Vardan_Petrosyan_dat_6 Vardan_Petrosyan_dat_1

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանն այսպիսի մոտեցում ունի՝ պատրաստ է վճարել գումարը եւ արագ ավարտել դատը, միայն թե ողջամիտ գումար սահմանվի. «Վարդան Պետրոսյանի մոտեցումը հետեւյալն է, եթե մի խնդիր կարելի է գումարով լուծել, դա արդեն խնդիր չէ, պրոբլեմ չէ, դա ծախս է: Իսկ ծախսը Վարդան Պետրոսյանն ասում է՝ ես ավելի լավ է հաշիվը փակեմ՝ էս պրոբլեմը վերանա, ոչ համացանցերում գոյություն ունենա, ոչ էլ բնության մեջ»:

Nikolay_Bagdasaryan-3 Nikolay_Bagdasaryan-2 Nikolay_Bagdasaryan Vardan_Petrosyan_dat_9

Տուժողի ներկայացուցիչները՝ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանն առաջարկեցին փոխհատուցել 2 մլն 550 հազար դրամ: Սակայն դատավորն առաջարկեց, որ համաձայնության գան ողջամիտ գումարի՝ 2 մլն դրամի շուրջ, ինչին կողմ էին բոլոր կողմերը:

Դատարանը ժամանակ տվեց մինչեւ վաղը ժամը 9.50 րոպե, որ Նիկոլայ Բաղդասարյանը տուժողին հանձնի կա՛մ կանխիկ գումարը, կա՛մ ստացականը, իսկ տուժողի ներկայացուցիչներն էլ պետք է չճշտեն՝ դա բավարարո՞ւմ է Հակոբյաններին, թե՞ ոչ:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ այդ գումարը տրվելու է ու վերջ, այլեւս որեւէ հիմնավորմամբ փոխհատուցում չի տալու Վարդան Պետրոսյանը. «Արդեն վերջ, եթե պարզվի, որ էլի վնասներ են կրել, ուրիշ ծախսեր են արել, էլ հատուցման ենթակա չի: Եթե կլինի հատուցում, մենք փաստաթուղթ կստորագրենք այդ պայմանով»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրգործի շրջանակներում Վարդան Պետրոսյանը վճարել է ավելի քան 20 հազար դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031