Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»

Մարտ 02,2016 14:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի շինբարեկարգման վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:

«Վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել շինարարության և բարեկարգման ոլորտում և հատկանշական է, որ այդ աշխատանքների զգալի մասը, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված մեր որդեգրած քաղաքականության արդյունքում, իրականացվել է այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններում: Խոսքս թե՛ փողոցների և մայթերի ասֆալտապատման, թե՛ արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, թե՛ բակային տարածքների բարեկարգման և թե՛ այգիների ու պուրակների վերականգնման և նորերի ստեղծման, ինչպես նաև նման այլ աշխատանքների մասին է: Շարունակե՛ք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»,-նշել է քաղաքապետը:
Շինբարեկարգման ոլորտում առանձնակի կարևորելով մշտական հսկողությունը աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մասնավորի հետ պայմանագրերը կազմելիս շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել և դրանցում մշտապես ներառել թերի կամ վատ կատարած աշխատանքի դեպքում պատասխանատվության մեխանիզմը:

«Վերահսկեք աշխատանքների սահմանված որակական չափորոշիչներին համապատասխանությունը և թերացում արձանագրելու դեպքում հետամուտ եղեք, որ այն անմիջապես վերացվի: Մեր պահանջն այս հարցում հստակ է. անորակ աշխատանքը չի ընդունվելու և վե՛րջ: Եղե´ք հետևողական և աշխատանքների սկզբից մինչև ավարտը խիստ հսկողություն սահմանե´ք դրանց նկատմամբ: Սա վերաբերում է ոչ միայն ասֆալտապատման, փոսանորոգման կամ ճաքալցման աշխատանքներին: Քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները պետք է խստորեն վերահսկվեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ավելի մատչելի ու հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերին՝ քաղաքապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցմանը:

«Եղել են դեպքեր, երբ կառուցված թեքահարթակները չեն համապատասխանել նորմերին, և մարդիկ դժգոհ են մնացել. դժգոհություններ են հնչել հատկապես իրենց երեխաների հետ մանկական սայլակով զբոսնող մեր համաքաղաքացիներից: Ըստ այդմ տվյալ աշխատանքները պահեք ձեր մշտական հսկողության ներքո և հետևեք, որ դրանք պատշաճ իրականացվեն: Անշուշտ, քաղաքում պետք է նաև ավելացնել թեքահարթակների քանակը՝ այդ հարցում ևս առաջնորդվելով համաչափ զարգացման սկզբունքով: Շարունակեք վերահսկել, որ քաղաքաշինական նոր ծրագրեր իրականացնելիս պահպանվի մեր բոլոր համաքաղաքացիների համար տվյալ շինությունների կամ միջավայրի մատչելիության պարտադիր պահանջը»,- ընդգծել է քաղաքապետը:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031