Վարչական դատարանում մարտի 2-ին դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի գործի քննությունը:
Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը հայտարարեց, որ իր վստահորդը մայիսի 21-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, այնուհետեւ օդանավակայանում մոտ տասներկու ժամ պահվելուց հետո իր կամքին հակառակ հետ է ուղարկվել Փարիզ: Հետագայում պարզվել է, որ հայցվորի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կողմից, քանի որ նրա տվյալները ներառվել են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում:
Կողմը դատարանից պահանջում է, ոչ իրավաչափ ճանաչել ԱԱԾ այն գործողությունները, մերժումն անվավեր ճանաչել եւ հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ-ում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:
Շանթ Ոսկերչյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Ոսկերչյանը տեղյակ չի եղել, որ ԱԱԾ-ն իր տվյալները ներառել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, իրեն չեն հայտնել օդանավակայանում գտնվելու ժամանակ. «Միայն Ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված բազմաթիվ գրությունների շնորհիվ ենք կարողացել իմանալ, թե ինչում է կայանում հիմնավորումը: Մարդուն արգելում են առանց որեւէ բացատրության, հիմնավորում ներկայացնելու, եւ մենք՝ որպես նրա ներկայացուցիչ, հետո բազմաթիվ անգամ դիմելով, վերջում ստանում ենք իրավական ակտի ուղղակի հղումը: Բայց անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում ներառելու վերաբերյալ հիմնավորում նույնպես չի ներկայացվում մեզ՝ հղում կատարելով մեկ այլ օրենքի, որտեղ գրված է ըստ «Հետախուզական գործունեության մասին» օրենքի, որով իրենք կարող են, ըստ իրենց, տվյալներ հավաքել: Բայց Ոսկերչյանը ո՛չ կասկածյալ է, ո՛չ մեղադրյալ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Ոսկերչյանի համար անհասկանալի է, քանի որ մինչ այդ ինքը բազմիցս է այցելել Հայաստանի Հանրապետություն. «Այսինքն՝ մինչ այդ նա անցանկալի անձ չի համարվել, այնուհետեւ իր քաղաքական հայացքները փոխվել են, անցանկալի անձ է համարվում, գոնե կարող էին այդպես ասել՝ Դուք անցանկալի եք, քանի որ Ձեր քաղաքական հայացքները չենք կիսում կամ Ձեր քաղաքական հայացքները, Ձեր հասարակական դիրքորոշումները վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար: Անձին որեւէ իրավաչափ հիմնավորում չեն ներկայացրել, եւ հասկանալի չէ նույնիսկ, թե ինչքան ժամանակով է բանկում գտնվելու»:
ԱԱԾ ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը նշեց, որ սպառնալիքները ի հայտ են եկել օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքը պետական գաղտնիք է, այդ պատճառով չի տրամադրվել հայցվորին եւ նրա ներկայացուցիչներին: Ըստ նրա, անհիմն է հայցվոր կողմի պահանջը, հանել Շանթ Ոսկերչյանի անունը անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից, քանի որ հիմքերը չեն վերացել:
Պատասխանելով Արթուր Սաքունցի հարցին՝ Թաթուլ Ղուկասյանը պատասխանեց, որ եղել են համապատասխան տվյալներ, դրանց հիման վրա որոշում է կայացվել: Սակայն նա չասաց, թե որ մարմինը կամ որ պաշտոնատար անձն է կայացնում այդ որոշումը. գաղտնիք է:
Մյուս հարցին, թե կայացված որոշումը ո՞ւնի ժամկետ, նա պատասխանեց, որ անժամկետ է կիրառվել արգելքը, մինչեւ արգելքի համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանան:
Սաքունցի մյուս հարցին, թե Շանթ Ոսկերչյանը չի կարո՞ղ իմանալ Հայաստան մուտք գործելու արգելքի հիմնավորումները, չի կարո՞ղ իմանալ ժամկետը, Ղուկասյանը պատասխանեց՝ այո՛:
Հայցվոր կողմը միջնորդեց դատարանին հետաձգել նախնական դատական նիստը՝ հայցը հստակեցնելու եւ Շանթ Ոսկերչյանի հետ խորհրդակցելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ