Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը 5 միլիոն եվրոյի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում լրագրող Հերբերտ Շվանից, որը գրել է նախկին պաշտոնյայի կենսագրությունը՝ իրավունք չունենալով հրապարակել նախկին կանցլերի խոսքերը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
2014 թվականին Քյոլնի դատարանը վճռեց, որ լրագրողը իրավունք չուներ իր հեղինակած «Կտակ. Քոլի արձանագրությունները» գրքում ներառել Քոլի խոսքերը, որովհետև Շվանը նախապես պարտավորվել էր չօգտագործել այդ արտահայտությունները առանց նախկին կանցլերի թույլտվության։
Գրքում, նախկին պաշտոնյայի կենսագրությունից բացի, տեղ են գտել նրա անձնական զրույցները քաղաքական գործիչների հետ, որոնք տպագրվել են Քոլի կամքին հակառակ։ Մասնավորապես այդ զրույցներից մեկում Քոլը, բնութագրելով Անգելա Մերկելին, նշում է. «Այդ տիկինը չի փայլում վճռականությամբ»։
Տեղեկացնենք, որ նախկին կանցլերի կենսագրության մասին գիրքը տպագրվել է 2014 թվականին՝ 200.000 օրինակով։