Բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը, մեկնաբանելով իր երեխաներին ժառանգություն չթողնելու որոշումը՝ ասել է. «Երեխաները պետք է սովորեն գնահատել ծանր աշխատանքը, հարստությունը կարող է կործանել նրանց»։ Արտիստի խոսքերը փոխանցում է բրիտանական Mirror պարբերականը։
Խոսելով երեխաների ճիշտ դաստիարակության մասին՝ երգիչը նշել է, որ ինքն ու իր ամուսինը շարունակում են «Ճիշտ հավասարակշռություն գտնելու փնտրտուքները». «Իհարկե, ես ուզում եմ տղաներիս պատկառելի ժառանգություն թողնել, բայց դա ահավոր է՝ երեխաներին հարստություն թողնելը կկործանի նրանց կյանքը»։
Լրատվամիջոցների տեղեկություններով, Էլթոն Ջոնի ֆինանսական կարողությունը կազմում է 200 միլիոն ֆունտ ստերլինգ։
Տեղեկացնենք, որ Էլթոն Ջոնի և նրա ընկերոջ՝ Դևիդ Ֆերնիշի հարսանիքը կայացել է 2014 թվականին։ Նրանք ունեն երկու տղա, որոնք լույս աշխարհ են եկել արհեստական բեղմնավորման շնորհիվ՝ մայր-դոնորի ջանքերով։