Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ընդդիմությունը սին խոստումներ չպիտի տա» (Տեսանյութ)

Մարտ 02,2016 12:20

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը մինչ նոր Ընտրական օրենսգրքի դրական եւ բացասական կողմերին անդրադառնալը՝ կարեւորում է Հայաստանում քաղաքական փաստաթղթերի տեսական բովանդակության եւ իրացման «մշտնջենական հակասությունները»: Նա չի բացառում, որ տեսականում նոր «Ընտրական օրենսգիրքն» անհամեմատ ավելի լավը լինի, բայց քանի դեռ այն կիրարկելու քաղաքական կամք չկա, ամենը զրո է:

«Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը մշտապես բարելավվել են, բայց իրական կյանքում դրանք արտացոլում չեն գտել: Միակ «պոզիտիվ» քայլն այն էր, որ բացահայտ բռնությունները մեղմ բռնություններով եւ ընտրակաշառքներով փոխարինվեցին»,- «Փաստարկ» մամուլի ակումբում իր մոտեցումները ներկայացրեց Անուշ Սեդրակյանը:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց նոր ԸՕ-ի նախագիծը: Տիկին Սեդրակյանը թռուցիկ է նայել այդ փաստաթուղթը եւ այսօր խոսեց առաջին հայացքից աչքի ընկած խութերի մասին: Ըստ նախագծի, Հայաստանում ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրական տարիքի են հասել: Ընտրելու իրավունք ունեն նաեւ բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, բայց հաշվառված են Հայաստանում: «Այդ շատ աղոտ ձեւակերպումը նշանակում է, որ կարող են հայտնվել բազմաթիվ մարդիկ եւ բազմապատկեն ընտրողների քանակը»,- ասաց բանախոսը:

Նա ընտրացուցակների հրապարակման կետում շատ լավ բարեփոխումներ է տեսել, բայց վերոնշյալ աղոտ նշումը խորացրել է իր կասկածները. «Այսինքն, ընտրող ՀՀ քաղաքացիների անունները հրապարակվում են ընտրացուցակներում, իսկ հաշվառված եւ ընտրածները` ոչ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Երկրորդ խնդիրն այն է, որ մարդն ով իրեն չի գտնում ցուցակում՝ կարող է դիմում ներկայացնել, հաշվառվել եւ վերականգնվել: Դա լավ է: «Բայց մենք պրակտիկա ունենք, որ ընտրացուցակները եւ քվեարկողների թիվը միշտ հակասության մեջ են իրար հետ: Մարդկանց արհեստականորեն կներառեն ընտրացուցակներում»,- ասում է Անուշ Սեդրակյանը` հավելելով, որ եվրոպացիներն այդ հակասությունները չեն տեսնում, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պիտի կեղծվի ընտրական մեխանիզմը, որը ժողովրդի բարօրության պիտի բերի: «Եթե ուզում ես կեղծել եւ հակասություններ գտնել, միշտ էլ տարբերակները կգտնես»,- ասաց նա:

Խոսելով էլեկտրոնային քվեարկության նույնականացման մասին, Անուշ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ ընտրացուցակների մանրամասն հրապարակումն է ընտրակեղծիքների կանխարգելման լավագույն մեխանիզմը: Դա, ըստ նրա, առավելապես ընդդիմության խնդիրն է` համախմբվել այդ մարտավարական հարցի շուրջ եւ պահանջել, որ ընտրություններից ոչ թե մեկ օր առաջ այլ որոշակի լայն ժամանակահատվածով հրապարակվեն ցուցակները, որպեսզի հնարավոր լինի անճշտությունները շտկել:

Ընտրատարածքների մեծացումը կամ փոքրացումը բանախոսը էական չի համարում: Էականը ընտրատեղամասում թափանցիկություն ապահովելն է, որ վստահված անձանց ոչ ահաբեկել հնարավոր լինի, ոչ էլ նրանց հետ պայմանավորվել:

Ամենադժվար գործընթացը նա համարում է ընտրակաշառքը բացառելը. «Ընտրակաշառքը բռնություն չի, կամավոր պայմանավորվածություն է: Մարդկանց հետ պետք է խոսել եւ հասկացնել, որ այս պահին ստանալով այդ փոքր գումարը՝ վաղվա համար բազում հնարավորություններ են կորցնում: Չարժե վերցնել այն, ինչը որ կործանում է իր ապագան: Բայց ընտրակաշառքը փաստում է, որ Հայաստանի բնակչությունն իր ապագան չի կապում իր քաղաքական ընտրության հետ: Վախենում եմ, որ մարդկանց աչքին բոլորը միանման են եւ այդտեղից է գալիս ընտրակաշառքը: Ընդդիմության սուրբ պարտականությունն է` սին խոստումներ չտալ, այլապես, մեխանիկորեն հավասարության նշան է դրվում ընդդիմության եւ իշխանության միջեւ»:

ՀԱԿ-ի առաջարկների շուրջ կոնսոլիդացիա կկայանա՞, թե՞ ոչ, Անուշ Սեդրակյանը դեռ չգիտի, քանի որ դեռ չկա ԸՕ-ն եւ հայտնի չէ, թե այդ առաջարկներից քանիսն են ներառված: Բայց համախմբումը եւ քննարկում սկզբունքային այս հարցի շուրջ, դրական է համարում:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդը» հայտարարել է ՀԱԿ-ի առաջարկներին միանալու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031