Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված երեք պատմամշակութային կոթողներ հողին են հավասարվել. «Հայոց աշխարհ»

Մարտ 02,2016 12:15

«Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը դեռ 1970-ական թվականներին է իր մտահոգությունը հայտնել Երեւանի պատմական շինությունների պահպանման մասին, քանի որ այն ժամանակ արդեն 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի որոշ շենքեր քանդման վտանգի առաջ էին հայտնվել: Հենց այդ ժամանակ էլ ճարտարապետը հղացել է «Հին Երեւան» նախագիծը, որը միայն վերջին տարիներին հնարավոր եղավ իրականություն դարձնել` մեծ ջանքերի շնորհիվ:

Ճարտարապետը նշում է, որ այն ժամանակ իր նախագիծը քննադատող մտավորականներից ոչ մեկը չկանգնեց իր կողքին եւ չխոսեց հիներեւանյան անշարժ հուշարձանները կործանումից փրկելու մասին, որեւէ գործնական խորհրդով չսատարեց իրեն, իսկ այսօր մեր ժամանակների հերոս են ձեւանում` հանդես գալով կեղծ դիմակներով. «Այդ մտավորականները, ովքեր փորձում են նսեմացնել «Հին Երեւանը», իրականում ազնիվ չեն, քանի որ նրանց այսպես կոչված պայքարն ակնհայտորեն ուղղորդված է:

Այլապես ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ ներկայանալով իբրեւ երեւանյան պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված քաղաքացիներ, հանդգնորեն լռում են Շահումյանի հրապարակում տեղի ունեցող վանդալիզմի մասին, ինչի հետեւանքով անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված երեք պատմամշակութային կոթողներ հողին են հավասարվել»:

Ճարտարապետը նկատի ունի Շահումյան հրապարակի հարեւանությամբ` Վազգեն Սարգսյան եւ Դեղատան փողոցների վրա կողք կողքի կառուցված երեք հրաշալի շինությունները` խորհրդային ժամանակներում վեր խոյացած գյուղատնտեսական բանկի, ինչպես նաեւ բանկի ծառայողների համար նախատեսված բնակելի շենքերը եւ նախախորհրդային ժամանակների Թիֆլիսի կոմերցիոն բանկի շենքը, որոնք մինչ օրս ընդգրկված են պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում: Ընդ որում, գյուղատնտեսական բանկի եւ դրա աշխատողների համար կառուցված շենքերի հեղինակը ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն է:

Ցավոք, այսօրվա դրությամբ միայն այդ շինությունների անուններն են մնացել պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ հուշարձանները, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունեն, եւ դրանք որեւէ մեկից պահպանելու կարիք էլ այլեւս չկա:

Այդ շենքերի տեղում նոր կառույց է վեր խոյանում: Ճիշտ է, այդ կառույցի նախագծով պահպանվելու են գյուղբանկի եւ կոմերցիոն բանկի արտաքին պատերը` ֆասադը, բայց դրանք հսկայական կառույցի մեջ գրեթե աննկատ են դարձել եւ կորցրել իրենց նշանակությունը:

«Ի վերջո պատմամշակութային կոթող ասելով` մենք նկատի չունենք միայն դրա ֆասադը, դա արդեն չի նշանակում թե կոթողն ենք պահպանում,- ասում է Լեւոն Վարդանյանը:- Կարծում եմ Փակ շուկայի օրինակով պետք է ընկալած լինեինք` պատմաճարտարապետական կոթողն ամբողջական շենքն է, իսկ ֆասադն ընդամենը դրա մի հատվածն է: Շինությունն այդպես կարելի է պահպանել միայն այն դեպքում, եթե դրա ներքին հարդարանքը գոյություն չունի, ֆիզիկապես չի պահպանվել»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Յարգելի Պ Վարդանեան
    Դուք շատ լաւ գիտէք որ ձեր երբեմնի ընկեր Նարեկը գլխաւոր պատասխանատուն է այս շէնքերու կոտորածներուն որ ապաւինած իր հզօր պաշտպաններուն ջարդեց-փշրեց Երեւանը -պատմութեան անցնելու նափոլէոնական իր սիստեմն է որ սերունդներ պիտի անիծեն զինք ;իրաւացիօրէն;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031