Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հանդիպել է իր երկրում հավատարմագրված պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման մանրամասներն է փոխանցում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նազարբաևն իր ելույթում անդրադարձել է սիրիական ճգնաժամին՝ ասելով. «Առանց որևէ չափազանցության, Մերձավոր Արևելքում այսօր որոշվում է ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Այս ճգնաժամը բացասական ազդեցություն է ունենալու նաև այլ տարածաշրջաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի գրանցվել փախստականների այսպիսի քանակություն»։
Շարունակելով սիրիական ճգնաժամի թեման՝ Նազարբաևը խոսել է այս հարցի շուրջ միջազգային հանրության շրջանում առկա տարաձայնությունների մասին. «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային հանրության՝ իրար հակասող քայլերն ահաբեկիչների օգտին է։ Այս է պատճառը, որ ես առաջարկում էի ՄԱԿ-ի հովանավորությամբ ստեղծել միջազգային հակազդեցության ցանց՝ ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ։ Եթե բոլոր պետությունները միասնական չլինեն այս պայքարում, մենք հաջողության չենք հասնի»։
Նազարբաևը ողջունել է նաև Սիրիայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածությունը։