Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ը՝ «ժամանակացույցով»

Մարտ 02,2016 10:03

1990-ականներին մենք հեգնանքով էինք խոսում այն մասին, որ Սփյուռքում, միեւնույն բնակավայրում գործող երեք ավանդական կուսակցություններն ապրիլի 24-ը նշում են առանձին-առանձին: Իբր մենք` հայաստանցիներս, նրանցից լավն ենք: Մեր կուսակցությունները նույնպես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ են բարձրանում տարբեր ժամերի, ճիշտ նույն ձեւով հոկտեմբերի 27-ին գնում են Եռաբլուր եւ Պանթեոն: Այդ եղանակով են նրանք նշում նաեւ սեպտեմբերի 21-ը: Երեկ էլ խումբ-խումբ են գնացել մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու:

Ես ուզում եմ, որ մեր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները երբեմն ցույց տան, որ որոշ սկզբունքային հարցերում վեր են քաղաքական հակասություններից: Վստահ եմ, որ դա շատ կարեւոր դրական ուղերձ կլինի քաղաքացիներին, որոնք կգիտակցեն, որ բացի կլանային, թայֆայական «ռազբորկաներից»՝ կա նաեւ պետություն, որն ամեն ինչից բարձր է: Մի տարի առաջ ես նման մի ազդակ զգացի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, որը կարեւոր էր համարում փոխել Ցեղասպանության 100-ամյակը նշելու հայեցակարգը: Հայցը քննարկելու պատրաստակամություն, ինչպես հիշում եք, հայտնել էր նաեւ նախագահ Սարգսյանը: Ափսոս, այդ նախաձեռնությունը զարգացում չունեցավ:

Բայց ընդհանուր առմամբ հարաբերությունները ընդդիմության ներսում, տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ «պետականամետ» չեն: (Չարչրկված բառ է, բայց այս դեպքում տեղին է):

Ընդդիմադիրները կռվում են նրա համար, թե ով է նրանցից ավելի թունդ ընդդիմադիր, եւ ամեն մեկը փորձում է ապացուցել, որ նա «Գեղամյան» կամ «Արթուր Բաղդասարյան» չի: Հիմա էլ նոր հետաքրքիր թեմա են գտել` ով էր իսկական քաղբանտարկյալ, իսկ ով` «ստից»: Այդ ամենն, իհարկե, շատ հետաքրքիր է, բայց դա չի նշանակում, որ պետք է «ժամանակացույց» կազմել, թե ով երբ է մարտի 1-ին գնալու Մյասնիկյանի արձանի մոտ, որպեսզի հանկարծ իրար երես չտեսնեն:

Ավելին` Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները (նաեւ ՀՀԿ-ն), ինչպես նաեւ մի քանի տասնյակ կազմակերպություններ պիտի փորձեին հանդես գալ միասնական տեքստով, որտեղ կդատապարտվեր մարտի 1-ի սպանդը: Թե չէ՝ հիմա դա անում է ընդամենը վեց կազմակերպություն, որոնցից մեկը («Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը) հասարակությանն այնքան էլ հայտնի չէ:

Իմ պատկերացրած փաստաթղթի ընդունման տրամաբանությունը ես հասկանում եմ այսպես. բոլոր կազմակերպություններում մարդիկ են, որոնք պիտի որ դեմ լինեն մարդկանց սպանությանը եւ պիտի որ հասկանան, որ այդ հանցագործությունների չբացահայտված լինելը վնաս է հասցնում պետությանը: Ի՞նչն է ավելի կարեւոր` փոխադարձ մեղադրանքնե՞րը, թե՞ այդ միասնական գիտակցությունը:

Իհարկե, այս պահին դա հնարավոր չէ, դա պարզապես երազանք է: Բայց ո՞վ ասաց, որ երազելը վատ բան է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս խմբագրականին մէջ, թէկուզ ենթագիտակցային (subliminal) մակարդակի մը վրայ, զուգահեռ մը կը գտնենք Մարտ 1-ի դէպքերուն եւ Հայոց Ցեղասպանութեան միջեւ:

    Այս բաղդատականին շատ աւելի շեշտակի, կոպիտ եւ անճոռնի տարբերակներուն կը հանդիպինք նաեւ, յատկապէս վերջին օրերին, Հայաստանի մամլոյ այլ թերթերու մէջ:

    Վերլուծական/վիճաբանական այս անպատշաճ «հնարքը» մէկ ազդեցութիւն կարող է ունենալ միայն՝ համեմատական տրամաբանութեամբ, նուազեցնել Մարտ 1-ի դէպքերի ծանրութիւնն ու կարեւորութիւնը:

    Հայոց Ցեղասպանութեան թեթեւսոլիկ օգտագործումը, ամօթալի շահագործումը ամէն եւ որեւէ առիթով, որեւէ ներազգային բանավէճի մէջ, սովորութեան վերածուած է ընդհանրապէս հայութեան մէջ, սակայն մի քիչ աւելի՝ Մայր Հայրենիքում:

    Այս սայթաքումի գագաթնակէտը հանդիսացաւ «100ամյակը առանց ռեժիմի» քստմնելի կարգախօսը, որու պատշաճ պատասխանն ալ տուաւ հայ ժողովուրդը, անէացման մատնելով զայն հնարող մոլորեալների խմբակը – որոնք թերեւս, եթէ գիտնային այդ եւ նոյնանման կարմիր գիծեր չոտնակոխել անվերջ, կարող է որ մի քիչ ճանապարհ կտրէին, ի շահ հայութեան – :

    Գալով Մարտ 1-ին, երկու օրէ ի վեր այդ մասին շատ բաներ կը լսենք ու կը կարդանք: Սակայն դժվար է լիովին լուրջի առնել այդ ողբալի դէպքի ոգեկոչման վերաբերող խօսքերն ու կարծիքները, նկատի ունենալով որ անոնց մէջ երբեք չի նշվում մեռեալները դէպի անդունդ առաջնորդող դերակատարներու պատասխանատվութեան բաժինը:

    Իշխանութիւնը փողոցի ուժով յեղաշրջել փորձող այդ պարագլուխներէն գոնէ մէկ հատը, յանձինս Պարոն Լեւոն Տէր-Պետրոսյանի, գիտակցաբար մղեց խեղճ ժողովուրդը դէպի կրակ, դէպի սպանդ: Ան անտեսեց նախորդող օրերուն անթիւ նախազգուշացումները, ազդարարութիւնները իշխանութեան կողմէ, քաջ գիտնալով թէ որու հետ է իր գործը – վերջապէս՝ ինքն է որ Երեւան բերաւ զանոնք… -: Իսկ եթէ ան կը կարծէր թէ անոնք պլաֆ են անում, ուրեմն փոքեր խաղցաւ քաղաքացիներու կեանքերուն հետ: Մինչ ինք, սպանդի պահին, հանգիստ իր տան մէջ կը գտնվէր:

    Խնդրոյ առարկայ ահաւոր դէպքի քննարկումը եթէ պիտի կատարվի լրջօրէն, անհրաժեշտ է որ նաեւ արծարծվի նիւթի այս երեսը:

    Եթէ ոչ, հիմա ալ Մարտ 1-ի զոհերն է որ շահագործվում են, ներքաղաքական գետնաքարշ, մակերեսային եւ միակողմանի նպատակներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031