Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընկերությունում աններելի է որեւէ տեսակի անօրինական քայլ»

Մարտ 02,2016 16:00

Հարցազրույց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի հետ

– «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությունը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է՝ թե՛ այն պատճառով, որ էներգետիկան այն կարեւորագույն ոլորտներից է, որ ապահովում է ողջ տնտեսության սահուն գործունեությունը, եւ թե՛ որպես զուտ կենցաղային ոլորտ, որի հետ առնչվում է յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Բոլորին հայտնի «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերն արդեն անցյալում են, եւ այսօր ընկերության առջեւ նոր մարտահրավերներ են դրված: Առաջին հարցը, որը, կարծում եմ, հուզում է մեր քաղաքացիներին, հավելագրումների մասին բողոքներն են: Հատկապես ձմռան ամիսներին կոմունալ ծառայությունների բարձր վճարներից են դժգոհությունները:

– Իմ ամենօրյա աշխատանքում անմիջապես առնչվում եմ էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարների մասով առկա դժգոհություններին: Մեր աշխատանքը նաեւ կայանում է նրանում, որ կարողանանք արդարացիորեն գնահատել եւ պատասխանել մեր բաժանորդների մոտ առաջացող բոլոր հարցերին: Ասեմ, որ այդ բողոքներն ավելի հաճախ հուզական են, քան հիմնավորված: Այնուամենայնիվ, բոլոր նամակներին մանրամասն ուսումնասիրությունից հետո տրվում են հիմնավոր պատասխաններ: Առկա վիճակը շտկվում է՝ ելնելով համապատասխան ենթաօրենսդրական ակտերի պահանջներից:
Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների շրջանակներում ընկերությունում գործում են բոլոր մեխանիզմները՝ ուղղված, այսպես կոչված, հավելագրման դեմ, ինչպես նաեւ հաշվառքի սարքի խախտման դեպքերի հայտնաբերմանն ու վերացմանը: Հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր հավելագրման դեպք հայտնաբերվելու դեպքում կստանա իր համապատասխան լուծումը, եւ յուրաքանչյուր մեղավոր անձ կպատժվի խստագույնս:

Ընկերությունում գործում է թեժ գիծ՝ (010) 65-24-53 եւ 1-80 հեռախոսահամարներով, բացի այդ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, ժ.9:30-13:30-ը, ինչպես ինձ մոտ, այնպես էլ ընկերության մասնաճյուղերի տնօրենների մոտ կազմակերպվում են ընդունելության օրեր, եւ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի քննարկելու իրեն հուզող խնդիրները: Ինքս կոչ եմ անում դրանց առավել ուշադիր լինել: Բացի այդ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին, երբ կատարվում են էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցմունքների գույքագրման աշխատանքներ, սահմանված կարգով բաժանորդները կարող են մասնակցել այդ աշխատանքներին եւ արձանագրված ցուցմունքը համեմատել էլեկտրոնային տեղեկատվական բազայում իրենց բաժանորդական քարտում արձանագրված ցուցմունքի հետ, որը հավելագրման կասկածը վերացնելու կամ հաստատելու լավագույն տարբերակն է: Եթե նույնիսկ բաժանորդը չի կարողացել մասնակցել այդ օրը այդ պահին ցուցմունքի արձանագրման գործընթացին, ոչ շատ ուշ, հաջորդ օրը նա կարող է արձանագրել իր հաշվիչի ցուցմունքն անձամբ, այնուհետեւ համեմատել էլեկտրոնային բազայում իր մոտ նույն օրվա դրությամբ արձանագրված տվյալի հետ: Շեղումը պետք է լինի շատ փոքր, այն թույլատրելի կարելի է համարել՝ կապված օրվա/օրերի կամ ժամի տարբերության հետ: Եթե որեւէ բաժանորդի մոտ արձանագրվի տրամաբանությունից դուրս, մեծ շեղում, անմիջապես կարող է դիմել մեզ՝ ընկերության մասնաճյուղ, գլխամաս, էլեկտրոնային փոստով: Յուրաքանչյուր հարց միանշանակ կստանա իր լուծումը:

– Վերջերս շատ են խոսում էլեկտրաէներգիայի դիմաց հին պարտքերի հավաքագրման մասին: Նշում են, որ ՀԷՑ-ը 2002թ.-ից մինչ օրս ձեւավորված ժամկետանց պարտքերն է փորձում հավաքագրել: Ինչո՞ւ հիմա, եւ որքա՞ն է կազմում ընդհանուր ժամկետանց պարտքը:

– Մենք այդ աշխատանքներն իրականացնում ենք էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված կարգով, կարծում եմ՝ տրամաբանական եւ փոխադարձ առավելագույնս ընդունելի քայլերի միջոցով: Այսինքն՝ առաջինը՝ բաժանորդի եւ ընկերության մասնագետների միջեւ քննարկվում է նախորդ տարիների պարտքերի իսկությունը՝ ընկերությունում գործող հատուկ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում: Պարտքերի հիմնավորվածության դեպքում բնակիչ-բաժանորդին առաջարկվում է կնքել պարտքի մարման ժամանակացույց՝ միջինը 6 ամիս ժամկետով, որի խախտման դեպքում միայն բաժանորդը հոսանքազրկվում է: Անթույլատրելի է համարվում իրավաբանական անձանց/սուբյեկտների՝ էլեկտրաէներգիայի գծով պարտքերի կուտակումը: Դրանց մասով կամ կնքվում են կարճաժամկետ՝ 1-2 ամիս մարման ժամկետով ժամանակացույցեր, կամ բաժանորդը հոսանքազրկվում է սահմանված կարգով, եւ հաշվարկվում են համապատասխան տույժեր: Բոլոր դեբիտորական պարտքերը մասնավոր սեփականության իրավունքով պատկանող ակտիվներ են եւ ենթակա են ամբողջությամբ գանձման:

– 2015-ն ինչպե՞ս ամփոփեցիք:

– Ընկերության տարեկան հաշվետվությունները կամփոփվեն ու կհրապարակվեն սահմանված ժամկետներում: Հստակ է, որ տարին փակեցինք կորուստների եւ հավաքագրման սակագնային մարժայում ներառված նորմատիվային ցուցանիշներով:
Ընկերությունում ձեւավորված շահույթն ամբողջությամբ ուղղվում է նախկինում կրած վնասների արդյունքում կուտակված վարկային եւ այլ պարտավորությունների մասնակի մարմանը: Այդ առումով դեռ շատ աշխատանք ունենք անելու: Այժմ ինտենսիվորեն աշխատում ենք նշված պարտավորությունների մարման եւ ֆինանսական առողջացման ուղղությամբ:

Ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման նպատակով որոշակիորեն նվազեցվել եւ վերակառուցվել է մեր վարկային պորտֆելը, ներկայումս այն բաղկացած է առավելապես երկարաժամկետ վարկերից, որոնց առավելագույն տոկոսադրույքը 5% է կազմում՝ նախկին 10-14%-ի փոխարեն:

Վերակառուցվել են նաեւ նախկինում ձեւավորված ժամկետանց պարտավորությունները էներգետիկ շուկայի մասնակիցների հանդեպ: Բոլոր ժամկետանց պարտքերը արտադրող կայաններին սկսել են մարվել մեր գալուց հետո, եւ մարումների գործընթացը կավարտվի 2016թ.-ի օգոստոսի 1-ին, որից հետո ընկերությանը տրամադրված սակագնի մասը (մարժան) կնվազեցվի այդ չափով:

Ծախսերի նվազեցման եւ կառավարման օպտիմալացման նպատակով կատարված են էական կառուցվածքային եւ այլ բարեփոխումներ, խոշորացված են սպասարկման միջին օղակները, թոփ մենեջմենթի (ղեկավար անձնակազմի) աշխատավարձերը կրճատվել են շուրջ 30%-ով: Տնտեսված գումարներն ուղղվել են առավել ցածր վարձատրություն ստացող կատեգորիայի աշխատակիցներին: Ներդրվել են խրախուսման մեխանիզմներ, եւ բաժանորդների հետ առավել մեծ շփում ունեցող անձնակազմի աշխատավարձերն ավելացել են: Լավ արդյունքներ ունենալու դեպքում մեր տեսուչների լավագույն ներկայացուցիչները կարող են ստանալ իրապես միջինից բարձր, բավականին պատշաճ աշխատավարձ:

– Տարիներ շարունակ հասարակությունը խոսում էր համակարգում էլեկտրաէներգիայի չհիմնավորված կորուստների մասին: Ինչպե՞ս կարողացաք հասնել դրանց կրճատմանը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով՝ դրանք կրճատվել են 2 տոկոսով:

– Ներկայումս առաջնահերթ խնդիր է բոլոր տեսակի ծախսերի, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի կորուստների կրճատումը: Ինչպես արդեն նշել ենք, 2015թ. արդյունքներով դրանք հաջողվել է կրճատել՝ հասցնելով ՀԾԿՀ կողմից սահմանված մակարդակի: Դա հաջողվել է իրականացնել՝ վերջին ամիսների ընթացքում կատարելով թիրախային ներդրումներ բաշխիչ ցանցի վատագույն հատվածներում, իրականացնելով կառուցվածքային փոփոխություններ, պարզեցնելով կառավարման համակարգը եւ ներդնելով խրախուսման ու պատժման պարզ մեխանիզմներ:

Ցանկացած խախտման հայտնաբերման դեպքում հեռացվել են աշխատակիցներ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից եւ այլ հանգամանքներից, խրախուսվել են լավագույնները: Ասեմ, որ հարաբերականորեն մեծ թիվ չեն կազմում աշխատանքից հեռացվածները:
Բոլորս գիտենք, որ մեր ընկերությունում աններելի է որեւէ տեսակի անօրինական քայլ: Բոլոր փոխհարաբերությունների հիմքում դրված է հարգանքը սեփականության իրավունքի նկատմամբ. ա) պետական սեփականության, բ) ընկերության սեփականատիրոջ, գ) ընկերության յուրաքանչյուր բաժանորդի: Սա պարտադիր պայման է, կրկնում եմ, հարգանք՝ ինչպես ընկերության սեփականատիրոջ մասնավոր սեփականության, այնպես էլ մեր յուրաքանչյուր բաժանորդի սեփականության իրավունքի նկատմամբ:

– Ի՞նչ ծրագրեր ունի ՀԷՑ-ը:

– Նախատեսվում են խոշորամասշտաբ ներդրումներ: Գնահատելով իրավիճակի փոփոխությունը՝ մեր ընկերության հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացել միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունների շրջանում: Քննարկվում են համագործակցության տարբեր ուղիներ. որոնց թվում՝ ա) ներդրումային վարկերի ներգրավում (առանց պետական երաշխիքների), բ) ապահովագրական մեխանիզմների ներդրում, գ) կառավարման, ճարտարագիտական, հաշվառման եւ այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանակում:

Ընդհանուր առմամբ ընկերությունում մշակվել եւ քննարկման փուլում է գտնվում առաջիկա տարիների բիզնես-պլանը, որի շրջանակներում կիրականացվեն խոշորամասշտաբ ներդրումներ եւ մի շարք այլ բարեփոխումներ:

1. Կիրականացվեն ծրագրեր՝ ուղղված էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման եւ վերահսկման համակարգի ներդրմանը եւ բաշխիչ ցանցերի վերակառուցմանը:
2. Կիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ, որոնք կնպաստեն ընկերությունում ծախսերի կրճատմանը:
3. Կներդրվի որակի միջազգային ստանդարտների համակարգ՝ ուղղված կառավարման համակարգերի կատարելագործմանը, էկոլոգիական, աշխատանքի անվտանգության, առողջության պահպանման, տեղեկատվական անվտանգության եւ էներգախնայողության խնդիրների իրականացմանը: Նշված ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել Երեւան եւ Գյումրի քաղաքների, Արմավիրի մարզի բաշխիչ համակարգերը:

Էապես փոխվելու է նաեւ հաշվառման համակարգը, մասնավորապես՝ իրականացվելու են հաշվառման նոր տիպի համակարգերի ներդրումներ, այսինքն՝ դրվելու են նոր հաշվիչներ, որոնք չեն սպասարկվելու տեսուչների, տեղամասերի կողմից, դրանք ամբողջությամբ կառավարվելու են էլեկտրոնային ազդանշանների միջոցով:

Յուրաքանչյուր բնակիչ իր էլեկտրոնային ցանկացած կրիչի, հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի վրա յուրաքանչյուր պահի կկարողանա տեսնել իր բնակարանի/տան, օբյեկտի էլեկտրաէներգիայի ծախսը, կկարողանա ստանալ ցանկացած համեմատական տվյալ կամ բացարձակ ցուցանիշ: Այդ ամենը կընձեռի բացարձակ հնարավորություն վերահսկելու, կառավարելու իր կողմից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի քանակը:
Այս ամենը կբերի էներգախնայողության ռեժիմների հաստատմանը, կորուստների հետագա նվազմանը, ինչպես նաեւ էլեկտրամատակարար ընկերության եւ բաժանորդների միջեւ վստահության մթնոլորտի հետագա ձեւավորմանը:

Բացի այդ՝ նախատեսում ենք վերակառուցել այն ենթակայաններն ու էլեկտրահաղորդման գծերը, որոնք չեն համապատասխանում անվտանգության տեխնիկայի կանոններին: Այս առումով անհրաժեշտ է ներդրումների հիմքում դնել մարդկային կյանքի ապահովության, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների բարելավման առաջնահերթությունը:
Ներդրումային ծրագրերի վերջնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է, գործառնական ծախսերի կրճատումը, որի արդյունքում առաջիկա տարիներին մենք կունենանք տնտեսապես կայուն, բաժանորդների եւ այլ գործընկերների մոտ վստահություն ունեցող բաշխիչ համակարգ, որը միշտ պատրաստ կլինի շարժվել բիզնեսի արդիական պահանջներին զուգահեռ՝ կատարելով իրենից պահանջվող բոլոր գործառույթները, եւ ոչ միայն չի խոչընդոտի, այլ նաեւ կնպաստի երկրում բիզնես մթնոլորտի ընդհանուր զարգացմանը:

– Ի՞նչ սոցիալական ծրագրեր է նախատեսում իրականացնել ընկերությունը:

– 2015թ. օգոստոս ամսից սկսած՝ մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով:

Ընդհանուր առմամբ օգոստոսից հունվար ամիսների ընթացքում երբեւէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է շուրջ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ-բաժանորդներինը՝ մոտ 760.000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22.000 կամ 31%-ը:

Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ/ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով եւ 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարծում եմ՝ անտրամաբանական է մի կողմից՝ սեփական միջոցների հաշվին սուբսիդիա տրամադրել բնակչությանը, մյուս կողմից՝ թույլ տալ, որ այդ նույն բնակչությանը վնաս հասցնեն սխալ հաշվարկներ կատարելու միջոցով: Նաեւ բարոյական չէ այս առումով, չտիրապետելով իրավիճակին, եզրահանգումներ կատարել՝ սուբսիդավորման կատարման կամ չկատարման վերաբերյալ:
Նշեմ նաեւ, որ 2004թ.-ից սկսած ընկերությունում գործող հատուկ հանձնաժողովի միջոցով որոշակի պարտավորությունների զեղչումներ կամ էլեկտրաէներգիայի անհատույց տրամադրում է իրականացվում սոցիալապես առավել խոցելի բաժանորդներին:

Բացի այդ՝ ընկերության այն աշխատակիցները, որոնք ընկերությունում իրականացվող օպտիմալացումների արդյունքում կրճատվում են, շուրջ մեկ տարի մնում են ընկերության կադրային ռեզերվում, եւ ընկերության սեփականատիրոջ կողմից նրանց տրամադրվում է վարձատրություն աշխատավարձի 100 տոկոսի չափով: «Տաշիր» ընկերության կողմից նախատեսվում է նոր աշխատատեղերի ստեղծում: Առաջին հերթին նախատեսվում է արտադրել այն սարքավորումները, այն ապրանքատեսակները, որոնք հենց էլեկտրացանցում մեծ պահանջարկ ունեն, եւ որոնց մասով մեր կողմից մեծաքանակ ներկրումներ են իրականացվում: Կբացվեն նոր գործարաններ, կիրականացվեն էներգետիկ նոր ծրագրեր, մասնավորապես՝ այլընտրանքային արտադրող կայանների կառուցման եւ առկա հզորությունների արդյունավետ օգտագործման առումով: Հենց կադրային ռեզերվում հաշվառվող աշխատակիցներն էլ կներգրավվեն այդ աշխատանքներին:

– Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ կառավարությունը Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով վարկ է ներգրավելու ՀԷՑ-ի պարտքերը փակելու համար: Ինչի՞ մասին է խոսքը:

– Արդեն իսկ նշվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 19.02.2016թ. եւ 23.02.2016թ. պաշտոնական հաղորդագրությունների մեջ, որ խոսքը չի վերաբերում ՀԷՑ-ի պարտքերին, վարկը վերջիններիս հետ ընդհանրապես առնչություն չունի: Ինչպես արդեն նշվեց, արտադրողների հանդեպ ՀԷՑ-ի ունեցած բոլոր պարտավորությունները մարվում են միայն սակագնային մարժայում ներառված ՀԷՑ-ի միջոցներից, կազմված ժամանակացույցերի հիման վրա, 01.08.2015թ. մինչեւ 01.08.2016թ. ժամանակահատվածում:

Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը:

ՀՀ էներգետիկայի նախարարության հաղորդագրության հետ կապված մեկնաբանությունների շրջանակներում այլ հրապարակումների մասով ուզում եմ ավելացնել, որ անթույլատրելի եմ համարում այն տնտեսագետների կեցվածքը, որոնք չտիրապետելով իրավիճակին, թվեր չունենալով՝ կցկտուր եզրակացություններ են անում ընկերությունում տիրող իրավիճակի կամ մենեջմենթի վերաբերյալ, ավելին՝ դա հրապարակում են որպես մասնագիտական եզրակացություն, կարծիք: Ես փնթի եմ համարում այն տնտեսագետին, ով դա հայտարարում է՝ չունենալով որեւէ վերլուծական տվյալ: Երբ մենք հանգամանալից ներկայացնենք մեր ընկերությունում տեղի ունեցած փոփոխությունները, դրական տեղաշարժերը, համոզված եմ, որ նույն տնտեսագետները այլ եզրակացության կհանգեն, եթե դա թույլ կտա իրենց մասնագիտական կրթությունը եւ դաստիարակության մակարդակը:

Հուսով եմ՝ կարճ ժամանակ հետո մեր բոլոր բաժանորդները՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ բնակչության հատվածի, կզգան այն դրական միտումները, որոնք այսօր ձեւավորվում են ընկերությունում:

Միանգամից ասեմ, որ մեր ընկերության տնտեսապես կայունացմանը, ընդլայնմանը, սպասարկման որակի բարձրացմանը այլընտրանք չկա: Իմ եւ ամբողջ անձնակազմի ամենօրյա աշխատանքն ուղղված է դրան:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031