Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ամենազարգացած երկրում կարող են մարդու ճակատագրի հետ խաղալ»

Մարտ 02,2016 15:00

Շվեդիայում ապրող հայի միակ հույսը
Հայաստանի փաստաբաններն են

Արդեն 20 տարուց ավելի է՝ Շվեդիայում ապրող ազգությամբ հայ Սերգեյ Սագիյանը այդ երկրում քաղաքացիություն ստանալու եւ իր իրավունքները վերականգնելու համար է պայքարում: Այս մասին նա է «Առավոտին» պատմել: Դիմել է Շվեդիայում պատկան մարմիններին, շատ իրավաբանների ու իրավապահների, փորձել է խնդիրը բարձրաձայնել տեղական, հետո միջազգային լրատվամիջոցներով, սակայն ըստ նրա՝ շվեդական իշխանությունները փորձել են կոծկել իրենց սխալը, փաստաբաններն ու լրատվամիջոցները խուսափել են նրա գործի մասին խոսելուց՝ շվեդական իշխանությունների հետ խնդիրներ չունենալու պատճառով: Վերջին հույսը Հայաստանն է՝ հայկական լրատվամիջոցները:
Ամեն ինչ սկսվել է 1995 թվականից: Նա Բաքվում ապրող հայերից է եղել, եւ այդ ժամանակ գնացել է Շվեդիա ՝ քրոջ մոտ ապրելու: Այստեղ նա քաղաքացիություն ստանալու համար դիմել է միգրացիոն ծառայություն, մերժում է ստացել:

«Ես այնտեղ ամուսնացա իմ ընկերուհու հետ: Քաղաքացիություն ստանալու համար դիմեցի միգրացիոն ծառայություն, սակայն մերժվեցի: Հետո գնացի Ռուսաստան, մեկ տարի այնտեղ մնալուց հետո եկա Շվեդիա, դա 1998 թվականն էր: Այստեղ ես խնդիրներ ունեցա իմ կնոջ հետ, բաժանվեցի: Որոշ ժամանակ հետո նոր հարաբերություններ սկսեցի այլ կնոջ հետ, որի հետ ապրում էի նրա տանը: Նորից դիմեցի քաղաքացիություն ստանալու համար: Այս ընթացքում, մինչեւ միգրացիոն ծառայությունից պատասխան ստանալը, ես իրավունք ունեի մնալու Շվեդիայում,- ասում է Սերգեյ Սագիյանը եւ նշում, որ հետո ինքը պարզեց՝ միգրացիոն ծառայությունում նրա փաստաթղթերը կորել են:- Մեզ այնտեղ ասացին, որ կարող ենք գնալ եւ սպասել, թե երբ կկանչեն: Մոտ մեկ տարի սպասելուց հետո ես զանգեցի միգրացիոն ծառայություն: Նրանց հետ խոսելիս զգացի, որ անգամ չգիտեն, որ ես գոյություն ունեմ: Հետո ես հասկացա, որ փաստաթղթերը կորել են, եւ որպեսզի նրանք դա թաքցնեն, ասացին, որ ես եմ թաքնվել իրենցից, եւ մերժեցին իմ դիմումը: Ես այդ ժամանակ հարկ էի վճարում, աշխատում էի, իմ բնակության հասցեն երեւում էր հարկային ծառայությունում, գրանցված էի իմ ընկերուհու տանը, չէի կարող թաքնվել: Երբ ասացի, որ անգամ եթե ես թաքնված լինեի, նրանք իմ հասցեն կարող էին հարկային ծառայությունից գտնել, նրանք պարզապես մեղադրեցին ինձ, թե չեմ փորձել համագործակցել իրենց հետ»:

2004 թվականին Սերգեյ Սագիյանի փաստաբանը Շվեդիայի միգրացիոն ծառայություն է դիմում քաղաքացիություն ստանալու համար երկրորդ անգամ՝ փորձելով ցույց տալ իր այնտեղ մնալու իրավունքը. «Իմ փաստաբանն այս անգամ ներկայացրեց փաստաթղթեր հարկային ծառայությունից, թե ես որտեղ եմ ապրում: Նա ապացուցեց, որ չեմ ցանկացել թաքնվել, այլ պատրաստ եմ եղել համագործակցել: Բայց երբ Փախստականների բողոքարկման խորհուրդը (Aliens Appeals Board) երկրորդ անգամ իմ գործն ուղարկեց միգրացիոն ծառայություն՝ քննության համար, նորից մերժեցին ինձ՝ նորից պատճառաբանելով, թե թաքնվել եմ իրենցից: Այս ընթացքում էլ այն փաստաթղթերը, որ փաստաբանս ներկայացրել էր, կորան, իսկ փաստաբանս պատժվեց»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ չնայած պատժի պատճառը հրապարակայնորեն այլ է նշվում, ինքը կարծում է, որ իր գործը վերցնելու հետեւանքով էր:

Այդ ժամանակվանից սկսած՝ նա պայքարում է իր իրավունքների համար, փորձում է ցույց տալ, որ երբեք չի ցանկացել թաքնվել, նրան մերժելու հիմքեր չկան: «Որպեսզի իրենք իրենց սխալը թաքցնեն, իմ փաստաթղթերը վերացրել են: 2000-2009 թվականների ընթացքում իմ ներկայացրած բոլոր փաստաթղթերն անհայտացել են: Այդ բոլոր փաստաթղթերով ես ներկայացրել էի նրանց սխալը: Ես 2006 թվականից սկսեցի դիմել բոլոր պետական մարմիններին՝ ներկայացնելու իմ հետ կատարվածը: Ձայնագրել եմ նրանց հետ իմ խոսակցությունները, կարող եմ անգամ ցույց տալ:

Իսկ երբ 2009 թվականին նորից միգրացիոն ծառայությունը մերժեց ինձ, ես փորձեցի նրանց սխալը ցույց տալ. կապվեցի Բարձր դատարանի հետ, ասացի, որ ուզում եմ 2000-2009 թվականների իմ ներկայացրած փաստաթղթերը: Նրանք ինձ ասացին, որ չեմ կարող դրանք վերցնել, իրենց մոտ չեն: Ասացին, որ կարող եմ պետական արխիվ դիմել: Դիմեցի այնտեղ՝ ստանալու իմ փաստաթղթերը: Նրանք ինձ տվեցին մի քանի փաստաթուղթ, բայց դրանք միայն որոշումներն էին: Հարցրեցի, թե որտեղ են իմ փաստաբանի ներկայացրած փաստաթղթերը, նրանք ասացին՝ չունեն: Ես վերցրեցի այնտեղ եղած բոլոր փաստաթղթերի պատճենները: Պատկերացրեք՝ ինչպե՞ս կարող էին բոլոր փաստաթղթերը կորել, սա հրաշք է»,- ասում է Սերգեյ Սագիյանը:

Քաղաքացիություն ստանալու իրավունքի համար Շվեդիայի միգրացիոն ծառայություն Սերգեյ Սագիյանը դիմել է 2011 թվականին եւ նորից մերժվել: Ըստ նրա՝ այդ ժամանակվանից նա թաքնվում է Շվեդիայի իշխանություններից: Նորից իր իրավունքի համար դիմել կարող էր 2015 թվականին, սակայն հիմա էլ ոչ մի փաստաբան նրա գործը չի վերցնում: Սերգեյ Սագիյանը համոզված է՝ խուսափում են իշխանությունների հետ խնդիր ունենալուց:

«Ես կորցրել եմ իմ անձնագիրը, ինձ անգամ չեն կարող հետ ուղարկել որեւէ երկիր: Վախենում էի, որ ինձ կուղարկեն Ռուսաստան, որտեղ ես եղել էի վերջին անգամ, իսկ այնտեղից՝ գրանցում չունենալու պատճառով, ինձ կուղարկեն Ադրբեջան: Իսկ Ադրբեջանում գիտեք, թե ինչպես կվարվեն հայկական ազգանուն ունեցողի հետ»,- ասում է Սերգեյ Սագիյանը:

Մեր զրուցակիցը իր խնդիրը բարձրաձայնում է, որպեսզի նաեւ մարդիկ հասկանան, որ անգամ ամենազարգացած համարվող երկրներում կարող են մարդու ճակատագրի հետ խաղալ. «Ես այսպիսին չեմ եղել: Երիտասարդ ժամանակ սիրում էի լավ ժամանակ անցկացնել, գնալ տարբեր խնջույքների, պարել… ինձ ամենակարող էի զգում, եռանդ ունեի… Սակայն այս խնդրի պատճառով իմ երիտասարդությունն անցկացրի պայքարելով: Դրա հետեւանքով կորցրի ամեն ինչ. խնդիրներ ունեցա անձնական կյանքում, մեկուսացա ընկերներից, հարազատներից, կորցրեցի առողջությունը… հիմա էլ մենակ եմ իմ խնդրի հետ, բայց վերջին ուժերս եմ հավաքել, ուզում եմ մեկ անգամ էլ պայքարել: Արդեն հիսուն տարեկան եմ դառնում, եթե այս խնդիրս լուծվի, գիտեմ՝ կյանքս միանգամից կփոխվի»,- ասում է Սերգեյ Սագիյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. Սերգեյ Սագիյանը «Առավոտին» է փոխանցել իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը: Նա հույս ունի, որ գոնե Հայաստանում, որպես հայրենակցի, կցանկանան օգնել իրեն. ասում է՝ մի քիչ փող է հավաքել, կվարձատրի այն փաստաբանին, որը կցանկանա նրա գործը վերցնել, նրան օգնել:

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ինչ-որ բան էն չի: Հավատ չի ներշնչում: Ես երկար տարիներ Եւրոպայում եմ, գիտակցում եմ, թե ինչ եմ ասում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031