Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորը չի ծանոթացել առեւանգման գործի նյութերին

Մարտ 02,2016 14:30

Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, միջնորդել էր, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի:
Դատավորի նախագահությամբ ընթացող քրեական գործը դատական քննության նշանակելու մասին այս տարվա հունվարի 12-ի որոշման պատճառաբանական մասում նշվել էր. «Բացի այդ, նյութերի ուսումնասիրությամբ չի պարզվել քրեադատավարական օրենքի էական խախտում` գործի մինչդատական վարույթում»: Փաստաբանի դիտարկմամբ, նշվածից հետեւում է, որ դատավորը ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ «դրանցում քրեադատավարական օրենքի էական խախտում չի տեսել», ինչը նշանակում է, որ «Դատավորն ընդհանրապես չի ծանոթացել քրեական գործի նյութերին, այլապես ծանոթանալու դեպքում չէր կարող նկատած չլինել քրեադատավարական օրենքի էական խախտումները, որոնք թույլ են տրվել նախաքննական մարմնի կողմից մինչդատական վարույթում»:

Քրեական գործը հարուցվել է 2013թ. հունվարի 23-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով առերեւույթ հանցագործության հատկանիշներով, մինչդեռ, Լ.Սիմոնյանի վկայակոչած որոշման նկարագրական մասում նշված է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Վաղարշակի Ղալթախչյանի կազմակերպմամբ եւ Աչաջուր գյուղի բնակիչներ Հովհաննես Կամոյի Ղալթախչյանի, Սաշա Մեսրոպի Ղալթախչյանի, Գագիկ Յաշայի Ալավերդյանի, Աշոտ Ռուբենի Աբազյանի, Հայկ Վարդապետյանի, Արտակ Համլետի Մանուչարյանի, Արթուր Աթարբեկյանի եւ Մհեր Սաքանյանի նախնական համաձայնությամբ 2015 թվականի հունվարի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ու բռնի ուժով վերջինիս բացահայտ առեւանգել են:

«Սույն որոշումից հետեւում է, որ վերոնշյալ բոլոր անձինք գործի քննության ժամանակ փաստացի կասկածվել են Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ»,- ասում է պաշտպան Լ. Սիմոնյանը: Այս անձինք էլ նախաքննության ժամանակ հարցաքննվել են որպես վկաներ, մինչդեռ իրականում հարցաքննվել են որպես կասկածյալներ: Նրանք տեղեկացված են եղել, որ կանչվել են հարցաքննության` Կամո Վաղարշակի Ղալթախչյանի կազմակերպմամբ եւ Աչաջուր գյուղի բնակիչներ Հովհաննես Կամոյի Ղալթախչյանի, Սաշա Մեսրոպի Ղալթախչյանի, Գագիկ Յաշայի Ալավերդյանի, Աշոտ Ռուբենի Աբազյանի, Հայկ Վարդապետյանի, Արտակ Համլետի Մանուչարյանի, Արթուր Աթարբեկյանի եւ Մհեր Սաքանյանի «նախնական համաձայնությամբ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու գործով»: Նրանց չի բացատրվել կասկածյալի իրավունքների մասին:

Ինքնաբացարկի միջնորդության մեջ փաստաբանը դատավորին հայտնում է, որ փաստացի կասկածյալի վիճակում գտնվող անձանց մի մասին` Սաշա Ղալթախչյանին, Հովհաննես Ղալթախչյանին, Գագիկ Ալավերդյանին եւ Արտակ Մանուչարյանին մեղադրանքներ են առաջադրվել, իսկ մյուսները մնացել են վկայի կարգավիճակում, իսկ որպես վկա տված վերը նշված բոլոր անձանց ցուցմունքները դրվել են իր պաշտպանյալների մեղադրանքի հիմքում:

Լ. Սիմոնյանի գնահատմամբ, քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ երբ դատավորը նշում է. «մինչդատական վարույթում գործի նյութերի ուսումնասիրությամբ չի պարզվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ», դա խոսում է «դատավորի՝ ի վնաս ամբաստանյալների շահագրգռվածության մասին»:
Փաստաբանը նշել էր մի շարք խախտումների մասին նույնպես: Մասնավորապես, ըստ նրա, քրեական գործում առկա վկաների հարցաքննության արձանագրությունից պարզվել է, որ վկաներին բացատրվել է, թե նրանք իրավունք ունեն «հրաժարվել իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցանքի կատարման մեջ մերկացնող ցուցմունքներ տալուց» կամ «ինձ պարզաբանվել է, որ պարտավոր չեմ տալ, ինձ, ամուսնուս կամ մերձավոր ազգականներիս հանցանքի կատարման մեջ մերկացնող ցուցմունքներ»: Նույն ձեւաթղթում քննիչը նշել է. «Հարցաքննությունից առաջ վկա ………..-յանին բացատրվել է իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցագործության կատարման մեջ մերկացնող ցուցմունքներ տալու պարտականությունից ազատ լինելու մասին», ինչը պաշտպանական կողմի կարծիքով՝ սահմանադրական նորմի ուղղակի ոտնահարում է, քանի որ հիմնական օրենքում պահանջվում է. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նշված է. «Վկան իրավունք ունի` հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց»: Խախտումներից նշվում է նաեւ քննիչի կողմից իրականացված մեղադրյալների եւ տուժող Մեխակ Մելիքբեկյանի միջեւ առերես հարցաքննությունները, երբ փաստաբանի տեղեկացմամբ՝ «Քննիչը չի թույլատրել մեղադրյալների պաշտպանին` այսինքն ինձ, հարցեր տալ տուժողին, որով խախտվել է պաշտպանական իրավունքը»:
Այս մասին էլ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել:

Լիպարիտ Սիմոնյանն անդրադառնալով դատարանի անաչառության կարեւորությանը, հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, նրա որոշումներից (տես Sander v. The United Kingdom, 2000 թվականի մայիսի 9-ի վճիռը), որտեղ նշված էր, որ ժողովրդավարական հասարակությունում հիմնարար նշանակություն ունի այն հանգամանքը, թե դատարանները վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ քրեական վարույթի պարագայում՝ առաջին հերթին վստահություն ներշնչեն մեղադրյալին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դե Կուբերն ընդդեմ Բելգիայի» գործով էլ փաստել էր. «Դատարանը պետք է ոչ միայն անաչառ լինի, այլ նաեւ դրսեւորի իր անաչառությունը: Այս իմաստով արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլ նաեւ տեսանելի լինի: Եթե առկա է դատավորի ինքնաբացարկի համար որեւէ օրինական հիմք, անպիտանելիությունից խուսափելու համար նա պետք է ինքնաբացարկ ընդունի»:
Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, եթե դատարանը ծանոթացած լիներ գործի նյութերին, ապա ակնհայտորեն նկատած կլիներ այդ խախտումները, իսկ եթե ծանոթացել է՝ նկատել է, ապա այդ խախտումները չփաստելը խոսում է նրա շահագրգռվածության մասին:
Այսօր կշարունակվի գործի դատական քննությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031