Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երբ զուգահեռվում են հոգեւոր եւ օպերային առաքելությունները

Մարտ 02,2016 14:00

Օրերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Շոստակովիչի անվան սրահում կազմակերպված «Միջազգային վոկալ մրցույթների դափնեկիրների համերգը» երեկոյին հրավիրված էր նաեւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը:
Երիտասարդ բասը դեռեւս ուսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ ճանաչված բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի ղեկավարությամբ: Բնականաբար, ստեղծագործական երկար կենսագրություն չունի. շուրջ 2 տարի է, ինչ համալրել է թատրոնի մեներգիչների ցանկը: Հովհաննես Ներսեսյանին հանդիպել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով իրականացրած երկու բեմադրություններում՝ Ա. Տիգրանյանի «Անուշում», որտեղ հանդես է եկել քյոխվա եւ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»՝ Ներսես կաթողիկոսի կերպարում: 2015թ. արվեստագետը մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի ծննդավայրում՝ Տիխվին քաղաքում ավանդաբար անցկացվող միջազգային մրցույթին ու արժանացել առաջին մրցանակի: Իսկ մինչ այդ դափնի է շահել Կրասնոդարում անցկացվող «Օպերա առանց սահմանների» մրցույթում:

Hovhannes_Nersisyan

Հովհաննես Ներսեսյանը՝ Անի Եփրիկյանի (ձախից) եւ Լարիսա Գերգիեւայի հետ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցինք՝ երիտասարդ երգչի անունը երբվանի՞ց է հայտնի դարձել Մարիինյան թատրոնում: «Ժամանակին մասնակցածս միջազգային մրցույթներում ժյուրիի կազմում եղել է նաեւ Մարիինյան թատրոնի ակադեմիայի ղեկավար Լարիսա Գերգիեւան, ում մոտ անցյալ տարի վարպետության դասերի եմ մասնակցել Երեւանի թատրոնում»,- հայտնեց Հովհաննես Ներսեսյանը: Հետո էլ ավելացրեց, թե կայացած երեկոյի ընթացքում հանդես է եկել Դավիթ-Բեկի արիայով՝ Ա. Տիգրանյանի համանուն օպերայում, ինչպես նաեւ իտալական եւ ռուսական օպերաներից 5 արիաներով: Առաջիկա ծրագրերի մասին էլ Հովհաննես Ներսեսյանը նշեց, որ պատրաստում է Օրորեզոյի դերերգը՝ Բելինիի «Նորմա» օպերայում:

Hovhannes_Nersisyan-2

Երգիչը՝ Ներսես կաթողիկոսի կերպարում:

Երգիչն իր կարիերան զուգահեռում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում իբրեւ սարկավագ: Հետաքրքրությանը՝ ինչու որոշեց հոգեւորական դառնալ, եթե օպերային հակումներ ուներ, արվեստագետը պատասխանեց. «Նախնիներս ժամանակին հայրենադարձվել են Սիրիայից: Մեր ընտանիքում ընդունված կարգ էր ամեն կիրակի մասնակցել պատարագի: Տատիկիս ուղեկցությամբ եկեղեցի էի գնում ու մանուկ ժամանակվանից շփվում հոգեւոր երաժշտության հետ: Տասը տարեկանից արդեն ցանկություն առաջացավ ծառայել եկեղեցուն, եւ արդեն 20 տարի է՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր եմ»: Ասաց նաեւ, որ միջազգային մրցույթներին մասնակցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աջակցությամբ: Հարցին՝ իսկ ձգտում ունի՞ հոգեւոր բարձր աստիճանների, Հովհաննես Ներսեսյանն ասաց. «Մեծ փափագ ունեմ քահանա լինելու: Ինչ վերաբերում է բարձրաստիճան հոգեւորական դառնալուն, հասկանալի պատճառներով չեմ հասնի դրան՝ հայկական ավանդական ընտանիք կազմելու շեմին եմ: Ի դեպ, ապագա տիկինս էլ մշակութաբան Անի Եփրիկյանն է»:

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031