Սինգապուրի եւ Վրաստանի փորձը մեզ համար
լավ օրինակներ են, բայց՝ ոչ մոդելներ
Հայաստանում հաճախ որպես փակուղուց դուրս գալու դրական օրինակներ բերվում են Սինգապուրի եւ Վրաստանի օրինակները, որտեղ լիդերները՝ Լի Կուան Յուն եւ Սաակաշվիլին, կարողացել են ապահովել իրենց երկրների բեկումնային զարգացումը: Օրինակներն իսկապես դրական են, բայց, իմ կարծիքով, այդ մոդելները կիրառելի չեն Հայաստանի համար:
Սկսենք Սինգապուրից, եւ այստեղ ես պետք է օգտագործեմ ռուսաստանցի պրոֆեսոր Անդրեյ Զուբովի փաստարկները: Այդ մոդելը մեզանում կիրառելի չէ, որովհետեւ… մենք չինացի չենք: Չինական մշակույթը կառուցվում է այն գիտակցության վրա, որ գոյություն ունի ինչ-որ բացարձակ կատարյալ իրականություն («դաո»), որն իջնում է այս աշխարհի վրա, եւ վերջինս այդ իրականության արտապատկերն է: Մարդն իր ազատ կամքով խեղաթյուրում է այդ իրականությունը, ազատությունն այդպիսով դիտվում է որպես բացասական երեւույթ: Իդեալական վարքն, ըստ այդմ, «չգործելն է», «բնական» լինելն է: Երկրի տիրակալն, ըստ այդմ, կարող է ունենալ «դաո»-ի երկնային մանդատը եւ կարող է չունենալ: Լի Կուան Յուն, Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (որն իշխում էր տասնամյակներ շարունակ), Թայվանի ղեկավարները եւ այլն, ըստ այդ երկրների ժողովուրդների, ունեին այդ մանդատը, իրականացնում էին «դաո»-ի կանոնները, եւ մարդկանց մնում էր կարգապահ ձեւով ենթարկվել նույն կանոններին, մնալ «բնականութան» եւ «չգործելու»՝ արեւմտյան պատկերացումներով «անազատության» սահմաններում: (Կոմունիստները «Կարմիր Չինաստանում», իմ կարծիքով, սկզբից շեղվել էին այդ կանոններից, բայց Դեն Սյաոպինից հետո փորձում են դրանց վերադառնալ): Այդ ամենը, սակայն, չափազանց հեռու է եվրոպական եւ, մասնավորապես, հայկական աշխարհընկալումից:
Վրացական փորձը մեզ, իհարկե, ավելի մոտ է ե՛ւ աշխարհագրորեն, ե՛ւ հոգեբանորեն: Որոշ տնտեսական եւ կազմակերպչական մոտեցումներ մենք կարող ենք փոխառել հենց այս պահին: Ի դեպ, հայ տնտեսագետներ Բագրատյանն ու Սանդոյանը գրել էին Սաակաշվիլիի համար որոշ տնտեսական նախագծեր, որը նա հաջողությամբ կյանքի է կոչել: Բայց ամբողջությամբ կիրառել վրացական մոդելը մենք չենք կարող: Դրա համար նախ՝ անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները խիստ շահագրգռված լինի, որ Հայաստանում հայտնվի եւ հեղափոխություն անի նոր տեսակի մի լիդեր, որը կտարբերվի հետխորհրդային «ավանդական» էլիտայից: Այդպիսի շահագրգռվածություն բացարձակապես չի զգացվում: Հակառակը՝ Ռուսաստանն է ժամանակ առ ժամանակ «բզբզում» մեր ընդդիմությանը, բայց ոչ թե իշխանափոխություն անելու, այլ գործող իշխանությանը թուլացնելու եւ իրենից ավելի մեծ կախման մեջ գցելու համար:
Բայց ենթադրենք, Սաակաշվիլիի տիպի առաջնորդ Հայաստանում հայտնվեց: Այդ մարդը պետք է հայտարարի, որ հրաժարվում է կառավարման այն համակարգից, որը վերջին 25 տարում մեզանում գոյություն է ունեցել եւ թույլ չի տվել նորմալ պետություն ստեղծել: Բայց այդ համակարգը ոչ միայն ռուսաստանյան համակարգի արտապատկերն է, այլեւ բազմաթիվ տնտեսական, ռազմական, առեւտրական եւ կոռուպցիոն կապեր ունի Ռուսաստանի հետ: Առանց այդ երկրի եւ նրա մոգոնած ԵԱՏՄ-ի հետ որոշակի կոնֆլիկտի գնալու այդ «հայկական Սաակաշվիլին» ոչ մի էական բան չի կարողանա փոխել: Իսկ այդ, նույնիսկ թեթեւ կոնֆլիկտը նշանակում է ա/ լուրջ խնդիրներ էներգետիկայի, գազի, կապի եւ այլ ոլորտներում, բ/ մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների հետապնդում եւ նվաստացում Ռուսաստանում (հիշենք, թե ինչպես էին ստորացնում, այդ թվում պետական հեռուստատեսությամբ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, երբ թվում էր, թե մենք Ասոցացման համաձայնագիր պիտի ստորագրենք ԵՄ-ի հետ), գ/ մահացու վտանգ Ղարաբաղի գլխին: Առաջին երկուսը զրկանքներ են, որոնց հնարավոր է դիմանալ, երրորդի հետ ոչ մի հայաստանցի համաձայն չի լինի, որովհետեւ դա վտանգ է տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար: Վրաստանում Սաակաշվիլիի բարեփոխումների գինը Աբխազիայի եւ Օսեթիայի կորուստն էր: Դա, իհարկե, ցավալի է վրացիների համար, բայց այդ երկու տարածքներում ապրում են մեծ մասամբ աբխազներ եւ օսեր, իսկ Արցախը հայկական հող է, որտեղ ապրում են հայեր: «Հայկական Սաակաշվիլի» ունենալու այդ գինը ոչ ոք պատրաստ չէ վճարել:
Կարդացեք նաև
Ահա թե ինչու Լի Կուան Յուն եւ Սաակաշվիլին մեզ համար լավ օրինակներ են, բայց մոդելներ չեն: Նրանք, ովքեր ասում են, որ կտրուկ կփոխեն երկիրը՝ պահպանելով Ռուսաստանից կախվածության ներկայիս աստիճանը, կա՛մ խաբում են, կա՛մ մոլորության մեջ են: Բայց այն, ինչ հնարավոր չէ անել արագ եւ վերեւից, հնարավոր է անել դանդաղ եւ ներքեւից: Ես դրա մասին բազմիցս գրել եմ եւ արժանացել եմ այն մարդկանց քննադատությանը, որոնք կարծում են, որ հնարավոր է «գահին նստեցնել» ինչ-որ հանճարի կամ հերոսի, որը մեր հարցերը կլուծի: Գուցե ես սխալվում եմ, եւ իսկապես նման «սուպերմեն» կա՝ կապրենք, կտեսնենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2016
Ես չեմ ընդունում ո՛չ Լի Կուան Յուի, ո՛չ էլ Սաակաշվիլու օրինակները, բայց համաձայն եմ երրորդ տարբերակի հետ, որովհետեւ ամեն ամբիոնից միայն լսում եմ, որ Ղարաբաղ անկախ պետություն է, այսինքն մերը չէ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանից անկախ որեւէ պետության գոյության, բարեկեցության կամ չգիտեմ ինչի համար վճարի Հայաստանի Հանրապետությունը:
Ինչպես նշված է հոդվածում, մենք ոչ Սինգապուր ենք,ոչ էլ Վրաստան: Այդ դեպքում մենք ով ենք?? Այոոո,մենք Հայաստան ենք և ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է: Եվ ինչ է ստացվում??? Փակուղի: Ուստի իմաստ չունի ինչ որ քայլեր անել փակուղուց դուրս գալու համար,քանի որ եթե մեր իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն և նման քայլեր ձեռնարկեն , ապա անհարմար բան կստացվի. ,,բա ամերիկացիները ինչ կասեն, յաաա,բա ռուսները???: Այս փոսից դուրս գալու ֆորմուլան ատոմային ռումբի ֆորմուլան չէ,որ հայտնի է միայն նեղ մասնագետներին: ,,Գաղտնիքը,,ինչպես ասում են на поверхности- – լինել ՀԱՅ, մտածել հայերեն և քաղաքական կամք դրսևորելով, կիրառել օրենքը հավասարապես`բոլորի նկատմամբ:Իսկ եթե օրենքը ,,կիրառելու,, ենք հետադարձ հայացք ձգելով Ամերիկային կամ Ռուսաստանին, ապա կունենանք այն,ինչ ունենք: Իսկ երբ չենք ուզում դուրս գալ այս փոսից կամ փակուղուց (անվանեք ինչպես կուզեք), պատճառաբանություններ միշտ էլ կգտնվեն (էլ Ղարաբաղ,էլ միջազգային խառը իրավիճակ և էլի ինչ ուզեք):Ինձ թվում է,որ մերոնց ավազակությունները քողարկելու համար Ղարաբաղը հիանալի շիրմա է և դա է պատճառը, որ այս ստասուս-քվոն ձեռնտու է մեր,այսպես ասած,իշխանավորներին:
Երբ հղում է կատարվում որևէ հեղինակի, առավել ևս մեր ժամանակակցի խոսքերին, ապա շատ կարևոր է նշել, թե հատկապես երբ է նա այս կամ այն հայտարությունն արել, մինչև այլախոհ դառնալը, թե՝ դրանից հետո:
Հիշենք թեկուզ մեր բեղուն գրիչ ունեցող ՛՛մտքի լուսատուներից՛՛ մեկի խոսքերը 3 միլիոնից /կամ 300 000-ից / առաջ և հետո.
1. Ով գործ ունենա Սերժ Սարգսյանի հետ՝ կապականվի:
2.Նախագահի (Սերժ Սարգսյանի) խոսքերը (դատարկ դհոլի՝ այսինքն՝ իր, մասին) սթափեցնող էին:
https://www.svoboda.org/content/transcript/26905977.html
Андрей Зубов:
* “Режиму скоро придет конец, но с ним может погибнуть Россия”
* Но по мере того, как наша власть после 2000 года, особенно после 2000-го, 2008-го, 2011-го, дрейфовала в сторону советской по форме и, я бы сказал, фашистской, но не нацистской, а фашистской, в муссолиниевском смысле, по содержанию, я становился инакомыслящим СНОВА? /մեծատառերով ընդգծումն իմն է /
Սակայն մտքի տիտաններին հանգիստ թողնենք և փորձենք տապակվել մեր յուղով, այսինքն՝ մեր հոդվածի վերջաբանով.
== Ես դրա մասին բազմիցս գրել եմ եւ արժանացել եմ այն մարդկանց քննադատությանը, որոնք կարծում են, որ հնարավոր է «գահին նստեցնել» ինչ-որ հանճարի կամ հերոսի, որը մեր հարցերը կլուծի:==
Կուզեք՝ սա քննադատություն համարեք, կուզեք՝ այլընտրանքային առաջարկ, սակայն մեզ պատած գաղջից ու գարշահոտություններից ազատվելու համար մեզ ոչ թե հանճար կամ հերոս է պետք, այլ ընդամենը պարկեշտ, / Անդրեյ Զուբովը կասեր՝ порядочный / անձնավորություն, այլ ոչ թե այնպիսի մեկը, որի ուղեղի որոշակի տիրույթում ՛՛Հայրենիք՛՛ հասկացությունը փոխարինված է ՛՛Ցմահ իշխանություն և շատ փող՛՛ շուռտված մանտրայով:
Համաձայն եմ հեղինակի հետ, բայց այդ դեպքում ստիպված ենք ընդունել, որ Ռուսաստանը Հայաստանի գերեզմանափորն է: Դա, կարծես թե, ճշմարտություն է: Ողբերգակա՜ն վախճան․․․
Ես օրինակ համաձայն եմ, որ ազատությունը իր որոշակի դրսևորումներում բացասական ազդեցություն ունի հասարակության կազմակերպվածության, հետևաբար և առաջընթացի վրա, բայց զարմանալի է որ Դուք եք ափսոսանք հայտնում, որ չինական մոդելը մեր մոտ չի գործում…
Ինչ վերաբերվում է Սահակաշվիլուն՝ այդ էր պակաս, որ երազեինք այդ փողկապ ուտող խեղկատակի նման ղեկավարի մասին: Իսկ այդքան փողով, որ նրան տվեցին ամերիկացիք, ով ասես երկիրը կծաղկեցներ մի ՈՐՈՇ ժամանակով, օրինակ հայտնի Դռռիկը, Միշիկոյին էլ դեմքով նման է..