Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը խոսել է Ադրբեջանի և ԵԽԽՎ հարաբերությունների մասին։ Նրա կարծիքով. «Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների բարելավման շրջադարձային որոշման շեմին է», Ագրամունտի խոսքերը փոխանցում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
2016թ. փետրվարի 29-ից մարտի 1-ը Ադրբեջան կատարած իր այցելության ընթացքում Ագրամունտը հանդիպել է նախագահ Ալիևին, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին և Արտաքին գործերի նախարարին։
ԵԽԽՎ նախագահը մտքեր է արտահայտել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. «Շատ կարևոր է, որ լուծումներ գտնվեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների համար։ Այս հակամարտությունը ոչ միայն ապակայունացնում է իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ազդում պետությունների տնտեսության և հասարակությունների վրա, այլև բացասական ազդեցություն է ունենում այդ պետություններում ժողովրդավարության զարգացման ներուժի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա»։