«Ես կարծում եմ, եթե իրավիճակի փոփոխություն լինի, անմիջապես կբացահայտվի գործը»,- մարտի 1-ին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, եթե ճշմարտությունը լույսի երես չգա, ապա այսօրվա արտակարգ տագնապի իրավիճակը, արտագաղթը, բռնության վտանգ կխորանան. «Այս իշխանության օրոք դա անհնար է»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանները մեխակները ձեռքներին էին ուղեկցում իրենց երթը, եւ այնուհետեւ իրենց հետ այդ մեխակները դրեցին Մյասնիկյանի արձանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե նոր մշակույթի սրտանց արտահայտություն է, ողջունելի է, եթե քաղաքական տեխնոլոգիա է, դա մի փոքր մակերեսային է, թեեւ մարտի 1-ին նաեւ ոստիկանական շարքերից եղավ զոհ, եւ Արմեն Մարտիրոսյանը դաշույն ստացավ իր մարմնի վրա՝ պաշտպանելով ոստիկանի: Իրենք եւս քաղաքացի են, բայց իրենք պետք է հասկանան, որ իրենք կարող են միայն իրավական հրաման իրականացնել, իրենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ոչ միայն օրենքի, քաղաքացու իրավունքի պաշտպաններ են, եւ ոչ երբեք հանցագործ իշխանության կուսակցապետության կամակատար: Եթե իրենց համար այդ նժարումը կատարեն եւ ընտրեն առաջինը, ուրեմն՝ ողջունելի է այդ ծաղիկը եւ նաեւ իմաստավոր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ