Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Առանց քաղաքական փոփոխությունների Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր չէ

Մարտ 01,2016 21:30

«Այսօր խնդիրը ոչ թե բացահայտումն է, այլ բացահայտված փաստերը իրավական վերլուծության ենթարկելը, իրավական եզրակացություններ անելը, եւ դրանցից բխող համապատասխան մեղավորներին տեղորոշելը եւ դե յուրե պատասխանատվության ենթարկելը»,- մարտի 1-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա այս տարիների ընթացքում շատ բան է բացահայտվել. «Շատ են ասում, որ Մարտի 1-ի հետ կապված ոչ մի բան մինչեւ օրս չի բացահայտվել, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ: Մարտի 1-ի հետ կապված բազմաթիվ բաներ են բացահայտվել՝ սկսած օլիգարխների ցուցակից, վերջացրած՝ 038 հայտնի հրամանով, որը նշանակում էր զինված ուժերի ներգրավում, սկսած նրանից, որ զոհերից առնվազն 3-ը սպանվել են «Չերյոմուխա» հայտնի զինատեսակի կիրառմամբ, շարունակված նրանով, որ Սամվել Նիկոյանը խոստովանել էր, որ դիպուկահարներ են գործել, Վարդան Օսկանյանի հայտնի ասուլիսը, Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունները, Սերժ Սարգսյանին կից գործող իր Հանրապետական օլիգարխների եւ ջարդարարների բրիգադի մասին բացահայտվեց »:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կատարվածի քաղաքական առաջին երկու մեղավորների անունները հայտնի են՝ Սերժ Սարգսյան  եւ Ռոբերտ Քոչարյան: Հարցին, այսինքն՝ իրատեսական չէ համարո՞ւմ իշխանությունների օրոք Մարտի 1-ի բացահայտումը, նա պատասխանեց. «Ես ոչ միայն իրատեսական չեմ համարում, այլեւ ֆանտաստիկայի ժանրից է դա, նույնիսկ  ֆանտաստիկայի ժանրից չէ, դա հնարավոր չէ: Այսինքն՝ առանց քաղաքական փոփոխությունների՝ Մարտի 1-ի սպանությունների պատասխանատուները  չեն կարող բացահայտվել: Ընդ որում, առնվազն Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի սպանություն իրականացրած ոստիկանների շրջանակը պարզ է, նրանց անուն-ազգանունները մենք գիտենք, մենք գիտենք 5 ոստիկանների անուններ, որոնք օգտագործել են «Չերյոմուխա 7»:

Պետք է այս 5 հոգուց որոշել, թե որ 3-ի կրակոցից են զոհվել Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը եւ  Արմեն Ֆարմանյանը: Բայց այս աշխատանքն էլ չի կատարվում, այսինքն՝ հասկանալի է, որ դա ուղղակի հնարավոր չէ քաղաքական պատճառներով, որովհետեւ եթե մենք այդ ոստիկաններին բերենք դատարան, նրանք պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցնելու, նրանք ասելու են՝ ով է իրենց հրամայել կատարելու այդ գործողությունը: Նրանց հրամայածները տալու են իրենց հրամայածների անունը, եւ այսպես շարունակ մենք հասնելու ենք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այս է ամբողջ պատմությունը, եթե հնարավոր լիներ գոնե տեսականորեն ինչ-որ մի տեղ կանգնել միջին օղակներում, պարզ էր, որ իշխանությունը ինչպես ձեզ հայտնի որոշ ընտրակեղծարարների գոնե ֆորմալ առումով կհանձներ արդարադատության: Բայց նրանք հասկանում են, որ սա այն պարագան չէ, որ այդ շղթան միջին օղակներում որեւէ տեղ կկանգնի սրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031