Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Արտակ Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցությունը, Շիրակի մարզում գալով իշխանության, չի կարողանա նախորդ մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ժամանակաշրջանի պես գրեթե 100 տոկոսով դաշնակցականացնել մարզը, այս կուսակցության մեջ ընդգրկել առողջապահական հիմնարկների ղեկավարների, բժիշկների, դպրոցների տնօրենների ուսուցիչների, գյուղապետերի:
«Խոսվում է, որ դաշնակցական մարզպետը դաշնակցականացնելու է մարզը, ես կուզենայի թվարկել այն գործոնները, թե ինչու չի կարողանա դա անել: Այն ժամանակ բոլորը չէ, որ դաշնակցականներ էին ու դառնում էին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաները մեծամասամբ, լինելով անկուսակցականներ, դարձան դաշնակցականներ կամ լինելով այլ կուսակցությունների անդամներ՝ դարձան դաշնակցականներ: Որպես այդպիսի Դաշնակցությունը ներքին մեծ ռեսուրս չտվեց իր շարքերից իշխանության օղակներում աշխատելու համար, եղածներն, այսպես ասենք, չակերտավոր գունափոխվեցին: Հիմա վստահ եմ, որ չի լինի նույն բանը, որովհետեւ Դաշնակցության ներքին իրավիճակը կամ ներքին սպառման օրակարգը ինձ խիստ ծանոթ է, եւ ես վստահ եմ, որ եզակի մարդկանց հետ կընդունեն, ընդհանրապես Դաշնակցության դռները փակ կլինեն այս կարգի պաշտոնյաների համար: Սա մեկ հանգամանք, երկրորդը՝ երեւի շատերը արժանապատվությունից, այլ, այլ գործոններից ելնելով՝ չեն հետ գնա Դաշնակցություն: Եվ երրորդը՝ շատ մարդիկ, իրենց նոր, այսպես ասենք կուսակցական հանգրվանում իրենց բավական լավ են զգում, բավարար պաշտպանված են զգում եւ դժվար թե ուզեն կուսակցականափոխ լինել: Սրանք այն երեք գործոններ են, որոնցով պայմանավորված պաշտոնյաներից հոսք դեպի Դաշնակցություն չի լինելու»,- ասաց Արտակ Ավետիսյանը:
Նա Շիրակի մարզպետի պաշտոնում թվարկված անունների մեջ Հովսեփ Սիմոնյանի ընտրությունը շահեկան է համարում այն առումով, որ վերջինս, լինելով Շիրակի մարզպետարանի աշխատակից, շատ լավ տիրապետում է իրավիճակին, մանրամասն գիտի՝ ով, երբ, որտեղից ուր, ինչ գույնից որ գույն է անցել, ով ում բարեկամն ու խնամին է, ինչ ներքին հարաբերություններ են ունեցել: Մի խոսքով, ըստ մեր զրուցակցի, բոլոր նախկին դաշնակցականների վարքը Հովսեփ Սիմոնյանի աչքի առաջ է եղել:
Ըստ մեր զրուցակցի, այս մարդիկ չեն ուզի վերադառնալ Դաշնակցության շարքերը, ապահովագրական միջոցներ կփորձեն գտնել իրենց պաշտոններում մնալու համար: Շատերը, որոնք անկուսակցականներ են, կհամալրեն ՀՀԿ-ի շարքերը դաշնակցական իշխանության ենթադրյալ հալածանքներից ապահովագրվելու համար: Իսկ ոչ ակտիվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, որոնք ձեւականորեն են մտել իշխող կուսակցության շարքերը, տարին մեկ են գնում կուսակցության գրասենյակ, ստիպված կլինեն ակտիվանալ իրենց իսկ իշխանությունը պահպանելու համար: Արդյունքում, ըստ Արտակ Ավետիսյանի, Շիրակի մարզում կակտիվանա ՀՀԿ-ն:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի համոզմամբ, Շիրակի մարզը դաշնակցական պաշտոնյայի վստահելը, երկար մտածված քայլ է: «Պատմական, ընտրական էքսկուրսը գալիս է մեզ ապացուցելու, որ Շիրակի մարզը, հատկապես Գյումրի կենտրոնը, իշխանությունների հանդեպ միշտ ունեցել է որոշակի կեցվածք կամ ոչ համարժեք վերաբերմունք իշխանությունների հանդեպ: Նրանց լուրջ չեն ընդունել, լուրջ չեն ընկալել: Այստեղ գերակշռել են ընտանեկան, կլանային, թայֆայական, կապվածություններն ու հարաբերությունները, ծանոթ, բարեկամ, խնամի, եթե ժամանակագրորեն անդրադառնանք, Դաշնակցական հանրապետության ժամանակ դաշնակցական պառլամենտում մեծամասնություն ունենալու պարագայում Գյումրիում ունեցել է խնդիրներ: Այստեղ շատ ուժեղ են եղել բոլշեւիկները, շատ ուժեղ է եղել «Ժողովրդական» կուսակցությունը 18-20 թվականին, մի խոսքով այս քաղաքում քվեարկել են դեմ օրվա իշխանությանը՝ դաշնակցականներին:
Իսկ Սովետական Միության տարիներին, ճիշտ է 70 տարի շարունակ ընտրություններ որպես այդպիսին չեն եղել, բայց Գյումրիում ժողովուրդը ընտրել է ապրելու, կենցաղի յուրահատուկ ձեւ, նորից օրվա իշխանությունների հետ ընդհանուր կամ համաքայլ ոչինչ չեն ունեցել: Ամենուր կոմունիզմ ու սոցիալիզմ են կառուցել, Գյումրիում գյումրեցին կառուցել է իր տունը, իր օջախը, շենացրել է իր տունը, մտածել իր անձնական բարեկեցության մասին, հնարավորությունների դեպքում հարեւանների, բարեկամների, ընկերների մասին: Այսինքն, այստեղ ապրել են այլ նորմերով, այլ կենցաղով, այստեղ երբեք կոմունիստական կուսակցության դոկտրինա, կոմունիզմ կառուցելու հավատքը Սովետական Միության որեւէ քաղաքում այնքան նվազ չի եղել, որքան այս քաղաքում: Դրանից հետո անկախության առաջին տարիներին՝ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ, երբեւէ ՀՀՇ-ն այնքան թույլ չի եղել, որքան Գյումրիում:
Այս քաղաքում որեւէ կուսակցություն ազդեցություն չի ունեցել, այստեղ ազդեցություն են ունեցել թաղային հեղինակությունները, քրեական հեղինակությունները, ցեխավիկ-գործարանների դիրեկտորները: Մի խոսքով, մարդիկ, որոնք օրվա թելադրողներն են եղել: Այսինքն` քաղաքական դաշտում, եթե ազդեցություն կար, նորից օրվա իշխանության ազդեցությունը չէր: Դրանից հետո բոլոր ընտրություններում ապացուցվում էր, որ իշխանությանը չեն սիրում, դեմ են քվեարկում»:
Ըստ մեր զրուցակցի, Շիրակի մարզպետ նշանակելով Դաշնակցություն կուսակցությունից՝ իշխանությունները կարծես ասեն՝ եթե դեմ եք քվեարկում, դեմ քվեարկեք Դաշնակցությանը: «Մեր պարագայում ընդդիմադիրների դաշտը կլրացնի Հանրապետական կուսակցությունը, ես էսպես եմ հասկանում, որ չակերտավոր սպասելիք դաշնականացման ճանապարհին հանրապետականները համախմբվելու են, միախմբվելու են: Այն մարդիկ, որոնք նախկին դաշնակցականներ էին, նախկին ՕԵԿ-ական էին, այս պահին նրանց համար Դաշնակցության դռները ամուր փակված են լինելու, չհաշված շատերը չեն էլ ուզի գնալ էդ դռներից ներս: Հետեւաբար ի՞նչ է մնում անել, գնալ ամենազորավորի մոտ, իսկ տվյալ պարագայում ուզենք, թե չուզենք, լեգիտիմ լինի, թե չլինի, դա ՀՀԿ-ն է»:
Արտակ Ավետիսյանի համոզմամբ, հանրապետականները չեն համաձայնի, որ Գյումրին տանեն իր ձեռքից: Ըստ նրա, հեքիաթ է այն, որ Գյումրին թողնում են ընդդիմադիր դաշտին ու առաջիկայում ընդդիմություն է այստեղից քվեներ տանելու: Արտակ Ավետիսյանի ասելով, Հովսեփ Սիմոնյանն այն կուսակցական պաշտոնյան է, որն ամեն ինչ անելու է սեփական կուսակցության համար առավելագույն քվե տանելու, իսկ դա հանգեցնելու է Հանրապետականի ներուժի համախմբմանն ու որոշակի հակազդմանը: Մեր զրուցակիցը վստահ է, որ ՀՅԴ-ի՝ Հանրապետական կուսակցության հետ ձուլվելու ու 2017 թվականի ԱԺ ընտրություններում մեկ ցուցակով հանդես գալու մասին խոսակցությունները մեկ տարի հետ հօդս են ցնդելու: Արտակ Ավետիսյանի համոզմամբ, Դաշնակցությունը միշտ նահանջի կամուրջներ թողել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեսբուքյան էջից