ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ սպանության օրը՝ փետրվարի 20-ին, 82-ամյա Պ.Յակոբյանը հյուրընկալել է երկու անձի, որի ժամանակ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ շահադիտական նպատակներով։ Պատճառված վնասվածքներից տարեց տղամարդը մահացել է, իսկ հյուրընկալված անձինք հափշտակել են գումար, գույք և հեռացել։
Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են մայր և որդի Ժամկոչյանները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ժամկոչյանին փետրվարի 24-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ շահադիտական դրդումներով), և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակային հարձակում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կարդացեք նաև
2016թ. փետրվարի 27-ին քննիչը որոշում է կայացրել նաև երիտասարդի մորը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2016թ. փետրվարի 29-ին հետախուզվող կինը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել՝ դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե