Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալ (Սինջար) եզդիաբնակ նահանգն ամբողջությամբ ազատագրված չէ, ներկայում եզդիական տարբեր զինված խմբեր են գործում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին: «Խնդիրն այն է, որ եզդիական եւ քրդական խմբերն առանձին են գործում` առանձին հրամանատարներով: Ամբողջական ազատագրում տեղի չի ունենում, որովհետեւ չկա կենտրոնական հրամանատարություն: Բացի այդ, քրդական ինքնավարության հետ գործակցող կոալիցիոն ուժերը օդային հարվածներ չեն հասցնում, քանի որ քրդերի երկու թեւերը չեն դիմում այդ խնդրանքով: Քրդերի իրաքյան թեւը, որի հետ գործակցում են կոալիցիոն ուժերը, ոչ մի կերպ գործընթացն ավարտին չի հասցնում: Այդ պատճառով էլ տարածքները չի կարելի անվանել ոչ ազատագրված, ոչ էլ չազատագրված»,-ասաց Բորիս Մուրազին:
Նրա փոխանցմամբ` ահագնացող է փախստական-եզդիների թիվը: Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 100.000 եզդի արդեն լքել է Իրաքը. «Սա շատ կարեւոր խնդիր է, որովհետեւ «Իսլամական պետությունը» շարունակում է այն քաղաքականությունը, որի համար մտավ Իրաք: Այսինքն, Իրաքը եզդիաթափվում է, ու ԻՊ-ի համար արդեն կապ չունի, որ եզդիները չեն սպանվում, որովհետեւ Եվրոպայում փախստական են: Եվրոպա հասնելու հանցավոր ճանապարհին էլ բազմաթիվ եզդիներ են մահանում, այդ թվում` երեխաներ: Վերջերս էլ Միջերկրական ծովում 23 եզդի խեղդվեց»:
Բորիս Մուրազին նշեց, որ, ենթադրաբար, Շանգալում այժմ 400.000 եզդի է մնացել. «Զինված պայքարն ԻՊ-ի դեմ է, սակայն քաղաքական պայքար է գնում քրդական ինքնավարության դեմ: Վերջինս թույլ չի տալիս, որ անկախ եզդիական իշխանությունները կայանան: Անգամ եզդիական ջոկատներից ամենամեծը հայտ ներկայացրեց քրդական բանակի կազմ մտնելու համար` սեփական անվանումը եւ դրոշը պահպանելու պայմանով, բայց քրդերը ոչ մի կերպ չարձագանքեցին դրան: Թույլ էլ չեն տալիս, որ այդ ուժը ֆինանսական աջակցություն ստանա Բաղդադի իշխանություններից»:
Կարդացեք նաև
Մուրազիի «100 տարի անց գրքում» ասվում է, որ 2014թ.-ից Իրաքում սպանված եզդիների թիվը 20.000 է, մինչդեռ Սինջարի ազատագրված տարածքներում այսօր էլ եզդիների եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվում, ուստի հստակ թիվ չկա: Ընդ որում, սպանվածների իրական թիվը չի ներկայացվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է մեր զրուցակիցը: