Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվեց «Դարձիր իմ արևը» խորագրով բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքված հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամի երկու շահառու-երեխաների բուժմանը: ԵՊԲՀ ուսանողները միջոցառման հյուրերի համար պատրաստել էին հրեշտակ-լապտերներ, որոնց վաճառքի հասույթը եւս նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք»-ին: Իսկ դահլիճի մուտքի մոտ տեղադրված արկղիկների միջոցով հանգանակություն կատարվեց: Ցուցադրվեց մյուզիքլ-ներկայացում:
«Այն նվիրված է «Նվիրիր կյանք»-ի աջակցությամբ բուժվող երեխաներին: Մյուզիքլում ներգրավված են մեր համալսարանի ակադեմիական երգչախմբի սաները, նաեւ «Նվիրիր կյանք»-ի շահառու-երեխաներից մեկը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ եւ ազատ ժամանց» հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանը:
Նրա փոխանցմամբ` բուհը մշտապես իրականացնում է բարեգործական միջոցառումներ: Մասնավորապես, «Լինենք հոգատար» խորագրով միջոցառումների արդյունքում օգնություն է ցուցաբերվում կարիքավորներին:
Կարդացեք նաև
«ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը դիմեց հիմնադրամին, որի աջակցությամբ էլ կազմակերպվեց այս միջոցառումը: Այս ծրագրով չենք սահմանափակվում, շատ ծրագրեր ենք իրականացնում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակելու նպատակով»,-նշեց միջոցառման կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Նա հավելեց, որ բարեգործական ծրագրերում առավելապես ներգրավված են ուսանողները, որոնց ջանքերով էլ բարձրաձայնվում են սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ