Ժամանակ առ ժամանակ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցման հարցն է բարձրացվում ԱԺ-ում, բայց իշխանությունները չեն արձագանքում, սա ինչի՞ մասին է խոսում, որ անգամ այդ հարցում ընդառաջ չեն գնում: ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում այս հարցին պատասխանեց. «Իշխանությունները համարում են, որ Մարտի 1 տեղի չի ունեցել: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունն ընդհանրապես դա մոռանա, մոռացության տա: Եղել է 10 զոհ, որեւէ մեկը չի պատժվել: Մարտի 1-ը եղել է հարված մեր ժողովրդին, հարված մեր պետականությանը, հարված մեր բանակին, որովհետեւ բանակն օգտագործվեց ժողովրդի դեմ: Դա ամենածանր հարվածն էր մեր բանակին, որ երբեւէ եղել է: Առայժմ որեւէ հիմք չեմ տեսնում, որ Մարտի 1-ը, չեմ ասում կբացահայտվի, որովհետեւ այն բացահայտված է, փաստահավաք խումբը այն բացահայտել է, այլ որ դրանք իրավական գնահատական կստանան: Մարտի 1-ը խոչընդոտ է մեր եւ մեր ապագայի միջեւ: Իշխանություններն ինչքան շուտ դա հասկանան՝ առանց գնահատական տալու, առնվազն կազմակերպիչներին պատժելու, առանց դրա շատ բարդ է մեր հասարակության, մեր պետության բնականոն զարգացումը»:
Ըստ Դավիթ Շահնազարյանի, պահանջատեր լինելը եւ փոխհատուցում պահանջելը միայն Մարտի 1-ի զոհերի հարազատների խնդիրը չէ. «Սա առաջին հերթին մեր հասարակության հարցն է, որեւէ կուսակցության հարցը չէ»:
Մեր դիտարկմանը՝ 8 տարի է՝ այստեղ քաղաքական գործիչներն ասում են՝ Մարտի 1-ը բացահայտված է, եւ 8 տարի էլ իշխանություններն ասում են՝ մենք կապ չունենք Մարտի 1-ի հետ՝ Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Կարծեմ 3-4 տարի առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարեց էլ ավելի ակտիվացնել քննությունը, բայց, ինչպես ասում են, սայլը տեղում է: Մեր առաջընթացն ուղղակիորեն կապված է Մարտի 1-ի բացահայտման եւ կազմակերպիչներին դատարանի առաջ կանգնեցնելու հետ: Առանց դրա ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մեր հասարակությունը առաջընթաց ապրել»:
Հարցին՝ դա իրատեսակա՞ն է, հնարավո՞ր է՝ պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Որ դա կատարվելու է՝ ես դրանում որեւէ կասկած չունեմ: Շատ է լինում, որ տասնյակ տարիներ հետո հանցագործություններ են բացահայտվում եւ իրավական գնահատական են ստանում: Ամեն ինչ բացահայտված է, ամեն ինչ պարզ է, պետք է ընդամենը իրավական գնահատական տրվի: Առայժմ հիմքեր չկան, որ իշխանությունը կցուցաբերի նման խելամտություն, բայց պատմականորեն անխուսափելի է, որ դա կատարվելու է: Ինչքան շուտ, այնքան լավ, որովհետեւ այդ դեպքում մենք լուրջ զարգացման հնարավորություն կստանանք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ