Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով:
Միջինքի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` այցելություններ, տոնախմբություն, հյուրասիրություն:
Առաջնորդարանում թեմի երիտասարդական միությունները Նավասարդ Սրբազան հոր հանդիսապետությամբ կնշեն Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով, նաև Միջինքի`Բաղարջ հացի հյուրասիրությամբ, որի մեջ մետաղադրամի փոխարեն կլինի օրհնված խաչ: Օրը հագեցած կլինի ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Միջինիքն նվիրված ազգային տոնը նշում են արդեն երրորդ անգամ:
Մարտի 2-ին՝ ժամը 15.00-ին, Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի և Տ. Թովմա քահանա Անդրեասյանի գլխավորությամբ Միջինքը կնշեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր այցելությամբ: Այնտեղ բուժվող երեխաների համար կտանեն խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց, որի մեջ կտեղադրվեն բազմաթիվ խաչեր: Հյուրերի հետ երեխաներին կայցելեն նաև հեքիաթի հերոսներ:
Կարդացեք նաև
Մարտի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ տեղի կունենա «Խոկման» արարողություն՝ «Միջինք. Մեծ Պահքի կես» թեմայով: Հանգստյան ժամերգությունից հետո «Խոկման» մասնակիցները ապաշխարության շարականների երգեցողության ներքո կաղոթեն մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության և հոգևոր խաղաղության համար:
Մարտի 2-ին՝ 17:00-ին, Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ համայնքի հետ կնշի Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Միջոցառումը հագեցած կլինի նաև ազգագրական երգ ու պարով:
Մարտի 2-ին՝ 10.00-ին, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը առավոտյան ժամերգությունից հետո հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ կնշի Միջինքը` ավանդական Բաղարջ գաթայի հյուրասիրությամբ:
Մարտի 3-ին՝ 19.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը կնշի Միջինքը հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Երիտասարդները կպատրաստեն Միջինքի Բաղարջ հաց, որի մեջ կտեղադրվի խաչ: Տեր հայրը երիտասարդների հետ հոգևոր զրույց կունենա Մեծ Պահքի մասին:
Մարտի 6-ին՝ 14.00-15.00-ը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ կայցելի Երևանի №1 Տուն-ինտերնատ (4-րդ գյուղի ծերանոց): Այցելուներն իրենց հետ կտանեն սնունդ, հագուստ, աղոթագրքեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։
Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։
Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։ Այժմ տարածված պատկերացման համաձայն` նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։