Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարը, Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպեցին Երևանում 2016թ. մարտի 1-ին «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական խորհրդակցությանը:
Նախարարները`
Ընդունելով այն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության հիմնական գործոնն է, պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության ու հանրային արդյունավետ գործունեության հիմնական չափանիշը,
Ընդունելով այն, որ երկրները առողջապահական բազմաթիվ և բազմակողմանի մարտահրավերների հետ են բախվում բավականին դինամիկ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական համատեքստում,
Հաստատելով այն, որ բնակչության առողջության մակարդակների միջև տարբերությունը երկրների ներսում և երկրների միջև պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով` ներառյալ սոցիալ-տնտեսական և բնապահպանական գործոնները, ապրելակերպը և վարքագիծը, ինչպես նաև երկրների առողջապահական համակարգերի` հանրային առողջապահական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները,
Հաստատելով այն, որ առկա մարտահրավերների հաղթահարման, առողջության բարելավման և, այդպիսով` առողջության մակարդակների անհավասարությունը կրճատելու գործում կարևորագույն դերակատարություն է հատկացվում հանրային առողջապահության ներուժի և ծառայությունների կատարելագործմանը,
Վերահաստատելով միջտարածաշրջանային, միջպետական և միջսեկտորային մակարդակներում համագործակցության անհրաժեշտությունը` առկա մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու նպատակով,
Համաձայնվեցին`
1. Փոխանակել վարքագծային հիմնական ռիսկի գործոնների դեմ (ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, ոչ ռացիոնալ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն) ուղղված առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակման և իրականացման լավագույն փորձը,
2. Բարձրացնել միջսեկտորային և բազմակողմանի համագործակցության մակարդակն առողջության համար վնասակար գործոնների նկատմամբ վերահսկողության սահմանման ռազմավարությունների մշակման գործում (աղի, շաքարի և տրանս-ճարպերի օգտագործման կարգավորում և սննդամթերքի հարստացում, տրանսպորտ ու ճանապարհային երթևեկության անվտանգություն, առողջություն և անվտանգություն աշխատավայրում և այլն),
3. Փոխանակել հանրային առողջապահության հիմնական ծառայությունների արդյունավետության գնահատման, հանրային առողջապահության որակի գնահատման նորմատիվային բազայի ստեղծման, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունման ժամանակակից մեթոդների ներդրման լավագույն փորձը,
4. Ամրապնդել առկա և ստեղծել նոր հնարավորություններ մասնակից երկրների միջև հանրային առողջապահության ոլորտում երկխոսության և հստակ համատեղ գործողությունների համար, ինչպես նաև նպաստել մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը` օգտագործելով մեր հնարավորությունները հանրային առողջապահության խնդիրների նկատմամբ հրավիրելու նաև այլ երկրների ուշադրությունը,
5. Դիմել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) խնդրանքով` օգտագործել ժամանակակից գործիքները մեր երկրների միջև հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը միջտարածաշրջանային, միջպետական և միջսեկտորային մակարդակներում աջակցելու համար:
(ք. Երևան, 1 մարտի 2016թ.)
ՀՀ առողջապահության նախարարություն