Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը ընտրություններին է պատրաստվում՝ զգուշանալով «գեղամյաններից» (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:53

Այսօր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է: Թե ի՞նչ ձեւաչափով, նա պատասխանեց. «Այս ընթացքում իմ գործունեությունը գնահատում եմ պասիվ: Այն ճանապարհը, որ ես անցել եմ այս ժամանակահատվածում, հստակ հետեւության է ինձ բերել, որ մեր հասարակությունը փողոց է դուրս գալիս հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ: Չի հավատում նույնիսկ խորհրդարանական ընտրություններին: Այս նկատառումից ելնելով է, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն փոխեց, նույնիսկ չթաքցրեցին, որ հետագա խժդժություններից խուսափելու համար են նաեւ դա անում: Բայց պիտի վստահեցնեմ, որ հուսախաբ են լինելու միանշանակ: 2017-ի ընտրությունները ավելի ակտիվ են լինելու, քան մինչ այս եղած բոլոր նախագահական ընտրությունները: Թող հույս չունենան, որ դրանից հետո ժողովուրդը փողոց դուրս չի գալու: Վստահաբար մենք մասնակցելու ենք: Բոլոր այն քաղաքական ուժերը, ում հետ ունենք գաղափարական ընդհանրություններ, ովքեր չեն մասնակցել Մարտի 1-ի ոճրագործությանը եւ դրանից հետո մաս չեն կազմել այս իշխանությանը՝ արդարացնելով դրանց՝ մենք կարող ենք համագործակցել»:

Նա ասաց, որ եթե իրենք գաղափարակիցներով միավորվեն՝ կհաղթեն 2017-ի ընտրություններում:

Հարցին՝ դուք միշտ առաջնորդի դերում չեք եղել, զիջել եք, հնարավո՞ր է 2017-ի ընտրություններում էլ ուրիշ կուսակցության ցուցակով գնաք, ասենք, Ազատ դեմոկրատների, «Ժառանգության»՝ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ այն մարդիկ, որոնք գերագնահատում են իրենց ուժերը, հաջողության չեն հասնում. «Այսօրվա երկրի հիմնական դժբախտությունը նրանում է, որ մեր երկրի նախագահներից երկուսը արժանի չէին դրան, գերագնահատել էին իրենց ունակությունները նախագահ դառնալու: Ես քաղաքական կուսակցության անդամ եմ, ներկայացնում եմ մի կուսակցության, որի անդամները անցել են բանտերով: Երեւի միակ կուսակցությունն ենք, որ տեղերում ունենք հստակ մարդիկ գրեթե բոլոր մարզերում, որոնք կարող են թեկնածություն առաջադրել եւ քվեով լուրջ ձայներ հավաքել: Այդ ռեյտինգային ցուցակը մեզ շատ ձեռնտու է, որովհետեւ մենք այդ մարդիկ ունենք՝ սկսած Գյումրիից, վերջացրած Մասիսով, մարդիկ, որոնք հստակ ազդեցություն ունեն եւ մեծ թվով ձայներ կարող են հավաքել: Ես պիտի ներկայացնեմ ոչ թե ինձ, այլ նաեւ այդ մարդկանց: Վստահաբար կարող եմ այսօր ասել, որ մենք կարող ենք մաս կազմել այնպիսի միությունների ու միավորումների, որոնք կիսում են այն քաղաքական արժեքները, ինչ մենք ենք կիսում»:

Արամ Սարգսյանն ասաց, որ միավորումներ կազմելիս շատ զգույշ պետք է լինեն. «Իհարկե, ես ժամանակին տեսել եմ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, որոնք կիսել են էդ արժեքները, բայց հետո պարզվել է, որ այդ արժեքներ ասելով՝ իրենք բացարձակ այլ տեղից էին գալիս: Այս անգամ պիտի շատ զգույշ լինենք այդ խնդրում, որպեսզի այդ շրջանակը ընդլայնելով՝ չհասնի այնպիսի վիճակի, որ այն մարդիկ, ովքեր ներդրված են, դուրս գան ու դրանով փչացնեն: Ես չեմ սիրում մարդկանց չվստահել, բայց, ինչպես Ավետարանում են ասում, ծառը պիտի պտղով ճանաչես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031