Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսելով բանակում ինքնասպանությունների թվի մասին, զուգահեռներ տանելով ՌԴ, ԱՄՆ, Իսրայելի, Թուրքիայի բանակների միջեւ, ասաց, որ նրանց համեմատությամբ՝ ինքնասպանությունների թվով Հայաստանը ավելի լավ դիրքում է: «Մենք ազգային բանակ ենք, ու մեր հաղթանակները հանուն ոգու են, պետք է հասնենք նրան, որ միջանձնային հարաբերությունները բանակում հասնեն կատարյալի, խախտումները չվերածվեն տարբեր հանցագործությունների»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:
Նա հավելեց, որ մեր՝ ազգային բանակի ձեւավորման հիմքում պետք է լինեն ազգային ավանդույթները, միջազգային հարաբերությունների շրջանակներում ձեւավորող ավանդույթները, նաեւ դարերից եկած ռազմական փորձը: «Ամենամեծ արժեքը դա մարդն է, որը զուտ ռեսուրս չէ բանակում»,-նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է մեր խաղաղապահներին, նրանց փորձին էլ անդրադարձ եղավ: Նախարարը նշեց, որ նրանք մեծ փորձ ունեն, եւ իրենց առաքելությունն իրականացրել են ՀՀ սահմաններին, ինչ վերաբերում է մեր բանակին, նախարարի ձեւակերպմամբ, նրա վարկը շատ բարձր է միջազգային շրջանակներում: «Չափազանց դժվար է հասնել նրան, որ ծառայությունը եւ մեր առջեւ դրված խնդիրները գիտակցաբար վերաբերմունքի արժանանան հասարակության յուրաքանչյուր անդամի համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով գիտնականներից մեկի հարցին՝ նախարարը հնարավոր չհամարեց լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսվելը, բայց նաեւ կրկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց՝ ոչ»: Նաեւ նշեց, որ ամեն օր են պատրաստվում պատերազմին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ