Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Թողեք, որ բանակին վերաբերող հարցերով զբաղվեն մասնագետները» (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:07

Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ: Քննարկվեցին ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում:

«Մենք ունենք կառույցներ, որոնք գիտեն, թե ինչ կարիքներ ունի մեր բանակը, ինչ ուղղություններով են կատարվում գիտական հետազոտությունները: Մեր աշխատողների որոշ մասը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր զորամասերի կառույցների հետ»,-ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ կարեւորելով Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով, երբ բանակը ճանաչում ես ներսից, որեւէ վայրախոսություն այլեւս չի լինում: «Երբ որպես պատմաբաններ փորձում ենք 25 տարվա պատմությունը վերլուծել, սկսում ենք մտորել, թե ինչպես դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ, հպարտություն ենք ապրում, որ Հայոց պետականության ողնաշարը կազմող հայոց բանակի տարեգիրն ու ականատեսն ենք»,-հավելեց Պատմության ինստիտուտի տնօրենը:

Նրա կարծիքով, բանակին կից մի կառույց պետք է ստեղծել, որը հարկ է, որ զբաղվի պետականությունը կրողներով ու առողջ գաղափարներ ունեցող երիտասարդներով, որպեսզի այդ տեսակը չկորի:

Միջոցառման ժամանակ Սեյրան Օհանյանին փոխանցվեցին  «Հայոց պատմություն» հրատարակության մյուս հատորները:

Գիտությունների թեկնածու պաշտպանության նախարարն ասաց, որ իր համար մեծ պատիվ է լինել գիտությունների ակադեմիայում, իր ուսուցիչների հարկի ներքո: Նա հայտնեց, որ այս հանդիպումը ՀՀ պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանակներում է, իսկ ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, նրա խոսքով, իր մեջ ներառում է ոչ միայն պաշտպանական կառույցը, այլեւ ՀՀ գործունեության բոլոր ոլորտները, որոնք համապատասխան ներդրում ունեն մեր երկրի անվտանգության ձեւավորման համար: Նա փաստեց, որ յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում: Սեյրան Օհանյանը կարեւորեց հատկապես ԿԳ նախարարության հետ համագործակցությունը:

«Բավականին աշխատանք ենք տարել՝ ստեղծելով ռազմարդյունաբերության համակարգը եւ ռազմարդյունաբերական կոմիտեն»,-շեշտեց նախարարը: Ասաց, որ տարածաշրջանը փխրուն է, փխրուն են նաեւ հարեւան տարածաշրջանները, եւ գերտերությունների համապատասխան շահերի համատեքստում ձևավորում են այն անվտանգության համակարգը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Նրա խոսքով, մեր երկրի ռազմավարական ծրագրերի իրականացման մեջ արդեն անցել են երկրորդ Զինված ուժերի զարգացման պլանին, բացահայտված են հնարավոր բոլոր սպառնալիքները, անվտանգության միջավայրը ստեղծված է, պաշտպանական գերատեսչությունում գիտեն թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն:

Անդրադարձ եղավ նաեւ «Շանթ 2015»-ին: Նախարարը նշեց, որ հպարտությամբ ենք արտասանում Հայկական բանակ արտահայտությունը, բայց դրա տակ չարքաշ աշխատանք կա, պատերազմ տեսած ողջ ժողովրդի ջանքը, պայքարն ու ցանկությունը:

Նա ասաց, որ արդարության ամենաբարձր մակարդակն են փորձում ապահովել զորակոչի քաղաքականության եւ կառավարման մշակույթի մեջ: «Փորձը ցույց է տալիս, որ ինչքան պաշտոնը բարձրանում է, այնքան բարձրանում է պատասխանատվությունը, բայց պետք է հնարավորություն ստեղծվի, որ ենթակաները կարողանան ազատ աշխատել»,- հայտնեց Սեյրան Օհանյանը: Նրա ձեւակերպմամբ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական ղեկավարությամբ է ամեն ինչ իրականացվում եւ պլանների շեղումներ իրենք չունեն: «Թողեք, որ բանակին վերաբերող հարցերով զբաղվեն մասնագետները, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ Պաշտպանության նախարարությունը, ինչքան հարցերը քիչ լինեն, այնքան լավ»,-կոչ արեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը շեշտեց, որ արտակարգ պատահարները բանակում հասցվել են նվազագույնի, ինչը վերաբերում է կոնֆլիկտներին, ասաց, որ դրանք բնորոշ են տղամարդկային կոլեկտիվներին՝ ոչ միայն բանակում, այլեւ հասարակության մեջ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031