Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Էլ ի՞նչ պետք է պահանջել Շմայսից, Թոխմախից»

Մարտ 01,2016 15:37

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը երեկ առավոտյան, երբ կարդացել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի բացատրությունները, թե ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը էթիկական խախտում չի արել, բարձրաձայն ծիծաղել է: Իր տպավորությունները տիկին Օհանյանն այսօր լրագրողներին փոխանցեց «Հայելի» մամուլի ակումբում:

Հիշեցնենք, երկու օր առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքում էթիկայի խախտում չկա: Պատգամավորը, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություն էր արել օգտատեր Գայանե Շահինյանի գրառմանը` սահմանային միջադեպի արդյունքում զոհված մի զինվորի հուղարկավորության առիթով: Օգտատերը քննադատել էր իշխանություններին ու ՊՆ-ին: ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել էր՝ «Լակոտ, աչքերդ կհանեմ»:

Armine_Ohanyan_PanArm

Արմինե Օհանյան

«Մարդն ասում է` պարզեցինք, որ սպառնալիք չկա Շուշան Պետրոսյանի խոսքերի մեջ։ Սպառնալիք լինելու դեպքում դա արդեն կդառնար քրեական հանցանք և էթիկայի հանձնաժողովի տիրույթում չէր լինի։ Էթիկայի հասկացողությունը երևի պետք է բացատրել ինչ-որ մարդկանց, նոր այդ հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվի։ Ասում է, եթե պատվարժան, տարիքով գիտնականի ասվեր այդ խոսքերը, կլիներ էթիկայի խախտում, իսկ եթե երիտասարդ աղջկա է ասվել , ընդամենը սաստել է։ Ուղղակի ապշելու է, եթե նման բան է ասում նախկին վարչապետ, ամբողջ կյանքում պատգամավոր աշխատած մարդը: Էլ ի՞նչ պետք է պահանջել Շմայսից, Թոխմախից։ Այնպիսի վիճակ է ստեղծվել Հայաստանում, որ էթիկայի նորմերը խախտելու բոլոր նպաստավոր պայմանները կան»,-տարակուսանք հայտնեց Արմինե Օհանյանը։

Պահելով անկողմնակալությունը, տիկին Օհանյանն ասում է, որ լրագրողների կողմից էլ է նկատվում անպատասխանատու պահվածք, ինչը հասցնում է դրան։ «Մի տեսակ շատ բան փոխվեց` դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովներով հնարավոր է այդ վիճակը շտկել։ Շատ խորը վիճակ է և ճիշտն ասած, մեղքը տեսնում եմ շատ ավելի բարձր ատյաններում։ Եթե երկրի նախագահը իր բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ- որ հայտարարություններ է անում, համարում է, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորը լրագրողներն են, լրագրողները պատվեր են կատարում և այլն, դա կարծես մի տեսակ նշան է թոխմախների, շմայսների համար, որ լրագրողների վրա հարձակվեն, վիրավորեն, հայհոյեն։ Հարգալից մթնոլորտը, միմյանց իրավունքները հարգելը պետք է գա երկրի առաջին դեմքից, կառավարությունից, ԱԺ- ից»,- ասաց տիկին Օհանյանը` հավելելով, որ 1990-ականներին, եթե լրագրողը մոտենում էր պատգամավորին, պատգամավորը զգաստանում էր. «Այնպես չէ, որ այն ժամանակ շմայսները չկային, պատգամավոր չէին, կային, ուղղակի երկրի մթնոլորտը այլ էր»։

Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ խոսելով ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշման մասին՝ ասաց, որ բարոյականության և էթիկայի միջև սահման չի տեսնում ու կարծում է` նորմալ մարդու մոտ նման սահման պետք է որ չլինի ու մեր հասարակությունը շատ ավելի լավը կլիներ, եթե ներսում չունենայինք հակասություններ էթիկայի նորմերի հետ։

Անդրադառնալով պատգամավորների`լրագրողներին վիրավորելու եւ հայհոյելու վերջին դեպքերին էլ՝ իրավապաշտպանն ասաց, որ լրագրողը ամենապետքական մարդը պետք է լինի պատգամավորի համար.«Միայն լրագրողի միջոցով է, որ նա կարող է իր մտքերը փոխանցել հասարակությանը։ Նրանք բացարձակապես չեն հարգում ոչ միայն լրագրողի, այլև հասարակական սեկտորում եղած մյուս կառույցների աշխատանքն ու մարդկանց, որովհետև նրանց չի թվում, որ իրենք պատգամավոր են։ Նրանցից որևէ մեկն իրեն պատգամավոր չի զգում։ Եթե դուք մոտենում եք Թոխմախին կամ Շմայսին, որ այբբենարանի երեք տառերը միայն գիտեն և հարցնում եք չորրորդ տառի մասին, նա դա դիտարկում է որպես պրովոկացիա։ Հիմա ի՞նչ անի լրագրողը»։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էլ կարծում է, որ օգտատերերին սաստելու փոխարեն, լավ կլիներ, որ Շուշան Պետրոսյանը իր կուսակից ընկերներին սաստեր: «Եթե լինի ընդհանուր մերժման մթնոլորտ իրենց կուսակցության ներսում, երբեք չեն գնա այդ քայլին։ Ես վստահ եմ, որ նույնիսկ հերոսացնում են։ Հաստատ զանգում ասում են` ապրես ախպեր ջան, տեղը դրեցիր լրագրողին, ճիշտ արեցիր»,- կարծում է խմբագիրը։

Տիկին Օհանյանը մի խնդիր էլ է տեսնում` մեր հասարակությունը սկսել է մակերեսային վերաբերմունք ցուցաբերել տարբեր հարցերի նկատմամբ, ընթերցողի ճաշակն է ընկել. «Մեզ մղեցին նրան, որ մենք սկսենք շմայսներին, թոխմախներին սադրել ու այդ տեսակ նյութեր բերել, որովհետև եթե մի խելացի քաղաքագետի հետ զրույցը կարդում են 100 հոգի, ապա նրանց հետ նյութերը՝ 10 հազար հոգի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031