Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության կայացման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Մարտ 01,2016 15:29

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայ ժողովուրդը ժամանակակից պատմական շրջանում (1918-2016 թվականներ) իր հայրենիքի մի փոքր մասում հանրապետական կառավարման ինստիտուտների անվան ներքո փորձել է ապրել և բանեցնել իշխանություն:

Շուրջ 100 տարի նրան չի հաջողվել ստեղծել հանրապետական կառավարման արդյունավետ ինստիտուտներ:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակումը, 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Հանրապետության կառավարության ընդունած Միացյալ և Անկախ Հայաստանի Անկախության հռչակագիրը (որով մեկ պետության մեջ միավորված հայտարարեց «Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող պապենական հայկական երկրները»), Արցախը Հայաստանին վերամիավորելու 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի մասամբ ազատագրումը և ազգային կանոնավոր զինված ուժերի ստեղծումը ժամանակակից պատմական շրջանի կարևոր եզակի նվաճումներից են հայ ժողովրդի բնականոն զարգացումն ապահովելու համար:

Հայ ժողովրդի բնականոն զարգացման անհրաժեշտ երաշխիքը` ազգային արդյունավետ հանրապետական կառավարման ինստիտուտները, դեռ չեն գործում: Քաղաքացիական և քաղաքական ազատությունները հիմնականում մնացել են անհասանելի:

Գործունեությամբ զբաղվելու ազատ ընտրության հնարավորությունը (հանրային ծառայություն կամ ձեռնարկատիրություն), ինչը տրվում է յուրաքանչյուրին ազգային արդյունավետ հանրապետական կառավարման ինստիտուտների ներքո, շարունակում է մնալ սահմանափակված մարդու քաղաքական, սոցիալական և տնտեսական հնարավորությունների բացակայությամբ:

Մարդու անհատական գործունեությունը ձախողված է հանրային կառավարման կառուցվածքի սնանկության հետևանքով: Հանրային կառավարման կառուցվածքի սնանկությունն ունի տարբեր և բազմաշերտ պատճառներ, սակայն ամենակարևոր պատճառն ընտրությունների բացակայությունն է: Ազատ խոսքը և ընտրությունը բացակայել են այս 100 տարիների ընթացքում, որի հետևանքով առաջացել է ազգային անվտանգության խնդիր (տնտեսական անվտանգության):

1918 թվականից հռչակված Հայաստանի Հանրապետություն բառերը շուրջ 100 տարի վերարտադրվել են` չծառայելով իրենց էությանը և առաքելությանը: Անազատության հիմնական ակունքը բռնապետությունն է: Բռնապետության հիմնական կանոնի ժամանակակից ձևակերպումն է. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել», իսկ դրսևորման գագաթնակետն է 2008 թվականի մարտի 1-ի զոհերն ու վիրավորները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

·         Դատապարտում է շուրջ 100-ամյա բռնապետությունը:

·         Ճանաչում է բռնապետներին որպես ազգային անվտանգության սպառնալիք:

·         Հաստատում է հավատամքը գալիք իրական Հայաստանի Հանրապետությանը:

·         Պարտավորվում է ծառայել իրական Հայաստանի Հանրապետությանը:

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարումը` «քաղաքական և պետական մեկ միություն համազգային հատվածների ու երկրամասերի» հռչակմամբ և պարտականություն ստանձնելով հնարավորություն չունեցավ կյանքի կոչել, ինչը պայմանավորված էր և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ պատճառներով:

Բոլշևիկյան, հետագայում` կոմունիստական կառավարումը ոչ միայն շարունակեց ցարիզմի և օսմանիզմի կայսերական քաղաքականությունը, այլև տապալեց Հայաստանի Հանրապետության կայացումը և զարգացումը:

Վերջին 25 տարիներին ՀՀՇ-ՀՀԿ-ական կառավարումը, ունենալով օբյեկտիվ պայմաններ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունը, իր հերթին ահռելի վնաս պատճառեց հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության կայացմանը:

Հայաստանի Հանրապետության դատական համակարգ.

«Եթե պատշաճ գործեին Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահները…, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա տասնյակ ներդնողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի և երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»[1]:

Հայաստանի Հանրապետության գործադիր համակարգ.

2016 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թիվը կազմում է 42 տոկոս[2]:

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար[3]:

Հայաստանի Հանրապետության շուրջ մեկ ու կես միլիոն քաղաքացիների արտագաղթ:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր համակարգ.

Քվեարկել է կողմ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը:

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները տարիներ շարունակ պահել է օրակարգում:

Համաձայնություն է տվել ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի անվճար և առանց փոխշահավետության տասնյակ տարիների երկարաձգմանը:

Համաձայնություն է տվել տնտեսական անվտանգության գլխավոր բաղադրիչ կազմող Հայաստանի Հանրապետության էներգետիկ և կապի (երկաթգիծ) ոլորտի սեփականությունը և ինքնիշխան իրավունքները հանձնել այլ պետությանը (Ռուսաստանի Դաշնությանը):

Համաձայնություն է տվել պատգամավորների նկատմամբ հանիրավի անցկացնել քրեական հետապնդում և կալանավորում:

Համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերն օգտագործել քաղաքական այլակարծությունը ճնշելու համար:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

01 մարտի 2016թ.

[1] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույց 2013թ.
[2] https://www.aysor.am/am/news/2014/10/17/aharon-adibekyan/858453
[3] https://www.aravot.am/2016/02/01/652899/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031