«Ես Եղիսեն եմ…», այս վերնագիրն էր կրում փետրվարի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացված 12-ամյա Եղիսեի ցուցահանդեսը: Սա երիտասարդ արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է:
Եղիսե Հակոբյանն իր հասակակիցներից տարբերվում է յուրօրինակ աշխարհընկալումով: Նա պատկերել է հիմնականում իր սիրելի արվեստագետների դիմանկարները՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Հովհաննես Շիրազ, Արամ Խաչատրյան, Տիգրան Չուխաջյան, Առնո Բաբաջանյան, Արամ mp3, Պարույր Սևակ և այլք:
Ցուցահանդեսի բացմանը ներկա տեր Նշան քահանա Ալավերդյանը նշեց, որ այս նկարները իր մոտ հիացմունք առաջացրին. «Այսօր մենք բոլորս պետք է փորձենք Եղիսեի աչքերով նայել աշխարհին և եթե կարողանանք դա անել՝ կհասկանանք նրա նկարների ողջ էությունն ու խորությունը»:
Եղիսեի մայրիկը՝ Նելլի Եղոյանը, նշեց, որ Եղիսեն նկարում է մանկուց, սակայն չի հաճախել որևէ նկարչական խմբակ. «Ցուցահանդեսի բացման գաղափարը նկարչուհի Լիլիթ Վարդումյանինն է, ում հետ ծանոթացել ենք դեռ մի քանի տարի առաջ: Եղիսեն պարում է, երգում է երգչախմբում, բայց նկարչությունը իր համար մի ուրիշ աշխարհ է, երբ դեռ փոքր էր, մեր տան պատերին հրեշտակներ էր նկարում»:
Կարդացեք նաև
Նկարչուհի Լիլիթ Վարդումյանն էլ հավելեց, որ այս ցուցահանդեսը կարևոր է ոչ միայն Եղիսեի, այլ նաև մեզ համար. «Երբ տեսա Եղիսեի նկարները մի քանի տարի առաջ և տեսա վերջերս. դրանց մեջ բավականին տարբերություն կար: Նա աճել է, զարգացել է մտքի ընկալումը , աշխարհայացքը, նկարներն ավելի խորն են դարձել: Բայց Եղիսեն կարիք ունի շփվելու արվեստագետների հետ՝ գիտելիքներն ամրապնդելու և նոր փորձ ձեռք բերելու համար»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև նկարչուհի, անիմատոր Նաիրա Մուրադյանը, որը նույնպես վաղուց է ճանաչում Եղիսեին. «Բոլոր երեխաները նկարում են, բայց կան նրանք, ովքեր նկարիչ են: Եղիսեն նկարիչ է: Նա կարողանում է նկարել այն, ինչ ուզում է, զգում է այդ պահին: Դա շատ քչերին է հաջողվում»:
Եղիսեին ողջունելու էին եկել նաև իր ընկերները՝«Տաթև» երգչախմբի սաները, որտեղ երգում է նաև Եղիշեն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 6-ը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ