Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Հանցագործությունը չբացահայտելու համար պատվեր պետք չէ»

Մարտ 01,2016 14:51

«Ես գիտեմ, որ պատվերով բացահայտվում են հանցագործությունները։ Չբացահայտելու համար պատվեր պետք չէ։ Չբացահայտելու համար ուղղակի կարող են հուշել, կարող են չպահանջել բացահայտել եւ վերջ։ Պատվերով միշտ բացահայտում են։ Օրինակ` մեր դեմ մեղադրանքներ էին հորինում պատվերով, ապացույցներ էին ստեղծում, ոստիկաններին ստիպում էին, որ մեղադրական ցուցմունքներ գրեն»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Մարտի 1-ի իրադարձություններից ութ տարի անց, քաղաքական եւ իրավական դասեր» թեմայով քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նա նշեց, որ 2012 թվականի նոյեմբերին Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն իրենց խոստացել էին, որ մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կձեւավորվի 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո. «Ես, ճիշտն ասած, մեծ հավատ ունեի, որ նոր իշխանությունը ցանկանում է սահմանազատվել մարտի 1-ի պատասխանատուներից։ Ցավոք գարնանը մերժեցին նախաձեռնությունը խիստ ֆորմալ պատճառներով։ Ես հասկացա, որ այդ սահմանազատումն այնքան սերտ է, որ իրենք վախեցան այդ խնդրին մոտենալու նախաձեռնությունից»։

Անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ ՀԱԿ պատգամավորն ասաց, որ դրանք ավելի շատ քաղաքական են. «Հանցագործությունների բացահայտումը զուտ մասնագիտական իրավական-պրոֆեսիոնալ գործընթաց է եւ նախագահին անհրաժեշտ չէ հրապարակավ դատախազին դիմել»։

Գագիկ Ջհանգիրյանը մարտավարական հնարք որակեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարականով մարտի 1-ի գործերն առանձնացնելը. «Հանցագործությունները կարող են բացահայտվել մի վարույթի շրջանակներում, բացահայտվածները կարող են անջատվել, ուղարկվել դատարան։Սա տակտիկական հարց է եւ ոչ թե սկզբունքային։ Սկզբունքային հարցը հանցագործությունների բացահայտումն է։ Որեւէ տեղաշարժ չկա եւ այդ հնարքն արդյունքի չի բերել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031