«Թայմ» ամսագրի ֆոտոլրագրող Քրիս Մորիսը բռնության է ենթարկվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովողների կողմից։ Դեպքի մանրամասները հաղորդում է Daily Mail լրատվական կայքը։
Աղբյուրը հայտնում է, որ ֆոտոլրագրողի հանդեպ բռնությունները իրագործվել են նախագահի թեկնածու Թրամփի՝ փետրվարի 29-ին Վիրջինիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Քրիս Մորիսը ցանկացել է լուսանկարել նախագահի թեկնածուի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիներին։ Լրագրողի խոսքերով՝ այդ ընթացքում անվտանգության ծառայողները փորձել են խեղդել իրեն, ապա տապալել են գետնին։
Ֆոտոլրագրողի և անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը պատկերող տեսանյութը հայտնվել է համացանցում։
Բռնության ենթարկված լրագրողը պատմել է տեղի ունեցածի մանրամասները. «Ես կանգնած էի լրագրողների համար հատկացված տարածքից 18 դյույմ հեռավորության վրա, երբ նա բռնեց իմ կոկորդից և սկսեց խեղդել։ Հետո ինձ տապալեց գետնին»։