Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել ԵՄ արտաքին գործոց և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատարին

Մարտ 01,2016 14:20

Ֆրեդերիկա Մոգերինիին

Բրյուսել, Երևան

Հարգելի տիկին Մոգերինի

Մենք ողջունում ենք Ձեզ եվրոպական քաղաքակրթության և արժեքների բնօրրաններից մեկում՝ Հայաստանում: Հայ ժողովուրդը այդ արժեքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար դարեր ի վեր տառապանքի է ենթարկվել՝ կորցնելով իր հայրենիքի մեծ մասը, կրելով զրկանքներ և ենթարկվելով ցեղասպանության ու ունեզրկման: Ուստի մեր հինավուրց ազգը, որն այսօր ձեռք է բերել նոր Հանրապետություն, լիարժեք կերպով վաստակել է այդ արժեքներին հարիր քաղաքական և հանրային կյանքի իր իրավունքը:

Սակայն, դժբախտաբար, ու նաև ճակատագրի հեգնանքով, այն անձը, որին Դուք այսօր հանդիպել եք, և այն վարչակարգը, որը նա մարմնավորում է, լեգիտիմ չեն և իրավասու չեն ներկայացնելու Հայաստանի ժողովրդին, նրա իրավունքներն ու շահերը կամ այն ուղենիշները, որոնք մենք կիսում ենք: Վստահ ենք, որ Դուք այս առնչությամբ համոզիչ ապացույցների եք տիրապետում:

Հետևաբար, կարիք չկա մանրամասնորեն ներկայացնելու այն հաստատված իրողությունը, որ Ձեր զրուցակիցը եւ նրա վարչակազմը ձևավորել են Հայաստանում: Նրանք շարունակում են գործել որպես նեոբոլշևիկյան հանցավոր համագործակցություն, որը հռետորական հղումներ է կատարում, սակայն, իրականում ծաղրում է եվրոպական չափանիշները, որը շարունակում է զավթած պահել քաղաքացիների սահմանադրական իշխանությունը քաղաքական ու տնտեսական միախառն մենաշնորհների, մարդու իրավունքների համատարած խախտումների, ընտրությունների ու հանրաքվեների համակարգված կեղծման միջոցով, և որի կառավարման նպատակն ու եղանակը էնդեմիկ կոռուպցիան և շահերի բախումն են:

Թերևս առավել ողբերգական մի այդպիսի դրվագ էր ութ տարի առաջ մարտի 1-ին տեղի ունեցածը, երբ նախագահական կեղծված ընտրություններից հետո իշխող ռեժիմը, պարոն Սարգսյանի հետ միասին, որն այն ժամանակ երկրի վարչապետն էր, հրամայեցին և իրականացրին առնվազն տասը քաղաքացիների սպանությունները: Դրա հետևանքով ծանր վնասվածքներ ստացան հիսուն քաղաքացի և հարյուրավորներ ազատազրկվեցին: Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ դրա հեղինակները և ո՛չ էլ իրագործողները:

Եվ այս հանցագործության արյունից առաջացավ արտաքուստ ժողովրդավարական ձևերի մեջ քողարկված, սակայն իրականում ոճիրը կոծկող այն պետական քաղաքականությունը, որը հարություն է տալիս և ծավալում է երեկվա միակուսակցական բռնապետական կառավարման համակարգի նորօրյա մարմնացումը՝ նպատակ ունենալով Հայաստանն ամբողջությամբ կտրել իր իսկ յուրային եվրոպական քաղաքակրթական տիրույթից:

Ցավալի է, բայց փաստ է, այնուամենայնիվ, որ Եվրոպան՝ խաբվելով Սերժ Սարգսյանի եվրոպական ասոցացման հետ կապված կեղծ խոստումներին, դարձավ նրա հանցակիցը՝ 2011 թվականին աչք փակելով վերջինիս կողմից արդարադատությունը խոչընդոտող Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման փաստի վրա, և շարունակեց նույն կերպ արձագանքել հետընտրական սին խոստումներին՝ աջակցելով և նույնիսկ վավերացնելով Սերժ Սարգսյանի ղեկավարած նախընտրական կեղծիքների գործընթացն ու դրա արդյունքը՝ ինչպես 2013թ. նախագահական ընտրությունների, այնպես էլ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Հանցագործ և կոռումպացված վարչակարգը երբեք սեփական խղճի մտոք չի խոստովանի կամ պատժի իրեն: Նրանից նման ակնկալիք ունենալն անգամ օրինական չէ:

Հետեւաբար, քանի որ եվրոպական հանրության արժեքների առաքելությունը ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությունն է, ապա մենք, Ձեր միջոցով, դիմում ենք և պնդում, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը.

1) ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ բոլոր այն անձանց ինքնությունը, ովքեր կազմակերպել ու իրականացրել են և/կամ պարտակել են Մարտի 1-ի հանցագործությունը և, համապատասխանաբար, միջազգային պատժամիջոցներ ԿԻՐԱՌԵԼՈՎ նրանցից յուրաքանչյուրի ու բոլորի նկատմամբ: Սա պետք է արվի՝ հիմնվելով փաստահավաք խմբի բացահայտած և միջազգային մասնագետների վերահսկած քննությամբ ձեռք բերված ապացույցների վրա,

2) ԱՊԱՀՈՎԵԼՈՎ, որ համապատասխան դե ֆակտո իշխանություններն իսկույն ևեթ կկատարեն ա) «Human Rights Watch» կազմակերպության պահանջը քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու վերաբերյալ, և բ) մի քանի այլ իրավապաշտպանների ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պահանջը՝ վերանայելու բանտում գտնվող մյուս քաղաքացիների գործերը, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, և ապա ազատ արձակել նրանց,

3) ԱՇԽԱՏԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիների հետ, արդարադատություն՝ ներառյալ միջազգային պատժամիջոցներ, կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են քվեների համակարգված գողությունը ծրագրելու և ղեկավարելու համար՝ թե՛ վերջին նախագահական ընտրությունների, թե՛ բոլորովին վերջերս՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում:

Հենց սա է մարտահրավերների այն տրամաչափը և բանաձևը, որոնցով իրապես կորոշվեն ու կփորձարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ճակատագիրն ու ապագան, և վստահորեն, ի վերջո, կբացվի նրանց ներուժը:

Հարգանքներով՝

 

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

«Նոր Հայաստան» հանրային ճակատի Քաղխորհրդի անդամ

ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար

ՀՀ «Ժառանգություն» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031