«Այն բոլոր մտահոգությունները, որոնք 2008 թվականի մարտի 1-ից ի վեր ունենք, դեռ շարունակում են պահպանվել, որովհետեւ, ըստ էության, սայլը տեղից չի շարժվում: Սպանությունների բացահայտման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը, աշխատանքները դեռ արդյունք չեն տալիս: Հավանաբար, շահագրգիռ կողմերը շատ են, որպեսզի չբացահայտվի մարտի 1-ի ոճրագործությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ միամտություն կլինի ակնկալել, թե դա առաջիկայում տեղի կունենա:
Տիկին Սարգսյանն այսօր Մյասնիկյանի արձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցեց 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակին: Ուշագրավ էր, որ զոհվածների հիշատակը հարգելու համար Լյուդմիլա Սարգսյանը եկել էր ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Իշխանությունը հավանաբար հույս ունի, որ ժամանակի ընթացքում հարցը մոռացության կտրվի, կփակվի ու կվերջանա: Բայց ես չեմ կարծում, որ երբեւիցէ մարտիմեկյան իրադարձությունները պատմության գիրկը կգնան`առանց բացահայտվելու: Մեր բոլորի հիշողության մեջ թարմ են ութ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում բացահայտվեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին`ինչո՞ւ ՀԱԿ-ի հետ չեն եկել հարգելու անմեղ զոհերի հիշատակը, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես այնտեղ տեսա նաեւ «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն» կուսակցության ղեկավարներին եւ անդամներին, Դավիթ Շահնազարյանին: Ամեն մեկն իր հարգանքի տուրքն էր մատուցում անմեղ զոհերի հիշատակին: ՀԱԿ-ը կարծես որոշել էր մի քանի կուսակցությամբ ապահովել իր մասնակցությունը, հետեւաբար, մենք էլ առաջնորդվել ենք մեր ձեւաչափերով»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ