Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. Ի վերջո, ունենալու ենք առողջապահական դեֆոլտ

Մարտ 01,2016 13:01

Aravot.am-ն այսօր Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիից հետաքրքրվեց, թե Իրանո՞ւմ էլ են ալյուրը հարստացնում իտամիններով եւ քանի՞ տոկոսը: Պարոն Հաշեմիի խոսքերով, իրենց երկրում հարստացվում է ալյուրի 100 տոկոսը եւ հաշվի առնելով, որ Իրանի բնակչության 80 տոկոսը վիտամին «Դ»-ի պակաս ունի, ալյուրը հարստացվում է այդ վիտամինով: Բացի այդ, Իրանում ալյուրը հարստացվում է ֆոլաթթվով ու երկաթով:

Հասան Հաշեմին եւ արտերկրից ժամանած առողջապահության ոլորտի այլ պատասխանատուներ այսօր մասնակցեցին «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր կառավարության ընդունելությունների տանը:

Հասան Հաշեմին նաեւ ասաց, որ Իրանի բնակչության 98 տոկոսը բժշկական ապահովագրություն ունի, տասը տեսակ պատվաստանյութ է ստանում, Իրանում մահացության հիմնական դեպքերը սրտանոթային հիվանդություններից են:

Խոսելով առողջապահական մատուցվող ծառայություններից՝ պարոն Հաշեմին ասաց, որ գյուղական համայնքներում գյուղացին իր ստացած ծառայության դիմաց վճարում է 3 տոկոս, իսկ քաղաքներում բնակիչները վճարում են` 6 տոկոսը: Ծախսերի մնացած մասը հոգում է պետությունը. «Ներկայումս Իրանում իրականացվում է սպորտային ծրագիր, որով խրախուսվում է սպորտը եւ քարոզվում է աղ ու քաղցր չօգտագործել»:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադառնալով ոլորտի մարտահրավերներին՝ ասաց, որ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններն իրար փոխարինելով՝ այսօր փաստացի ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը եւ միայն ոչ վարակիչ հիվանդություններից աշխարհում տարեկան 40 միլիոն մարդ է մահանում: Ըստ նախարարի՝ մահացությունների 80 տոկոսը պայմանավորված է սրտանոթային, ուռուցքային եւ շաքարային դիաբետ հիվանդություններով. «Այս հիվանդությունները հաղթահարելը անհնար է առանց հանրային իրազեկումը բարձրացնելու»:

Նախարարը նաեւ ասաց, որ նոր տեսակի վարակիչ հարուցիչները եւս մարտահրավեր են մարդկությանը:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրի մասին խոսելիս էլ Արմեն Մուրադյանը նշեց, որ մեր երկրում դեռեւս բնակչության 55 տոկոսը շարունակում են ծխել, գիրության խնդիրն էլ 49 տոկոսի է հասնում. «Այս ռիսկի գործոններից հետո, մենք փաստացի նաեւ պարտավորություն ենք ստանձնում այդ մարդկանց պետական բոլոր ռեսուրսները ներդնելու` նրանց առողջություն վերականգնելու, սա իրականում բարձր մարդասիրություն է, բայց իրականում մենք պետք է նաեւ հասկանանք, որ առանց հանրային առողջապահական ծրագրերի՝ այդ օղակը, որ սնում է երկրորդային բժշկական օղակը գնալով լայնանալու է եւ ի վերջո մենք ունենալու ենք առողջապահական դեֆոլտ: Սա բոլոր երկրներին անհանգստացնող հարց է` անկախ նրանց տնտեսական վիճակից»:
Համաժողովին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, անկախ տնտեսական զարգացվածության աստիճանից ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է բնակչության առողջության պահպանումը. «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Պ. Վարդանեան -մենք քեզ նման ռուսական համալսարաններ չենք գացած
    ԻՆՉ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԴԵՖՈԼՏ յետամնաց հայեր ենք – խնայեցէք մեզի ;

  2. Հարգելի Հենրի «դեֆոլտ» բառը տնտեսագիտական տերմին է, որը նշանակում է անվճարունակություն: Դեֆոլտը երկրի պարտավորությունների անվճարունակությունն է արտաքին աշխարհին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031