Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Պարտադիր չէ, որ պատգամավորը խորհրդարանում զբաղվի բացառապես օրենսդրական գործունեությամբ». «Հայոց աշխարհ»

Մարտ 01,2016 12:52

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

Ես ուսումնասիրել եմ համաշխարհային փորձը, եւ մի բան կարող եմ ասել. պարտադիր չէ, որ պատգամավորը խորհրդարանում զբաղվի բացառապես օրենսդրական գործունեությամբ, այսինքն՝ օրենքներ մշակի։ Նույնիսկ պարտադիր չէ, որ բոլորը ժ. 12-ից մինչեւ ժ. 18-ը լինեն դահլիճում եւ ակտիվորեն մասնակցեն լիագումար նիստին։

Մենք ունենք պատգամավորներ, որոնք շատ ակտիվ են հանձնաժողովների նիստերում. տեսախցիկների առաջ իրենց ցուցադրելու, ամբոխահաճո ելույթներ ունենալու փոխարեն իրենց կարծիքը ներկայացնում են հանձնաժողովներում եւ շատ ծանրակշիռ տեսակետներ են հայտնում՝ ելնելով իրենց պրակտիկայից։

Կարող է՝ փայլուն հռետորներ չեն, ԱԺ ամբիոնից բոցաշունչ պոպուլիստական ճառեր չեն արտասանում, բայց նրանց տեսակետների հետ մենք հաշվի ենք նստում։ Մենք ունենք նմանատիպ պատգամավորներ։ Չեմ ասում՝ նրանց թիվը շատ մեծ է, բայց, հավատացնում եմ՝ խորհրդարանն ունի այդ մարդկանց կարիքը։

Ավելին՝ բյուրոկրատական համակարգը մեզանում այնքան խորը արմատներ է գցել, որ ժողովուրդ-իշխանություն կապը բավական թույլ է՝ մեր քաղաքացիները զրկված են չինովնիկների հետ ազատորեն շփվելու, իրենց մտահոգությունները, խնդիրները ներկայացնելու հնարավորությունից։

Ինքս երեք անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով եւ կարող եմ վստահեցնել՝ այդ կապը ամրապնդվում է պատգամավորների միջոցով, որոնք ԱԺ ամբիոնից բարձրաձայնում են այդ խնդիրները եւ հետամուտ լինում դրանց լուծմանը։ Ունենք պատգամավորներ, որոնք օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որեւէ նախագծի համահեղինակ չեն եղել, բայց ինտենսիվ եւ սիստեմատիկ աշխատում են բնակչության հետ, փորձում լուծել նրանց խնդիրները։

Իմ սեղանին 100-ից ավելի դիմում կա, այդ թվում՝ նաեւ մարդու իրավունքների հետ կապված, եւ դա՝ այն մարդկանց միջոցով, որոնք շատ ակտիվ չեն լիագումար նիստերի ժամանակ, բայց պարբերաբար հանդիպում են ընտրողների հետ, լսում նրանց ու նրանց մտահոգող խնդիրները բերում խորհրդարան։ Դա եւս պատգամավորի գործառույթների մի մասն է։

Ունենք նաեւ պատգամավորներ, որոնք առավոտից իրիկուն ամբիոնի մոտ են՝ ամբիոնից չեն իջնում, բայց հանրության համար ոչինչ չեն անում, ժողովրդին հիշում են միայն ընտրություններից առաջ՝ կերակրելով նրանց սին խոստումներով։ Ուրեմն պետք է դնել կշեռքի նժարներին՝ ինչն է ավելի լավ. գլուխը կախ հանդիպել մարդկանց հետ, ապրել նրանց հոգսերո՞վ, թե՞ ԱԺ ամբիոնից պոպուլիստական ճռճռան ելույթներ ունենալ։

Լ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031