Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆեդերիկա Մոգերինի. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացնել համագործակցաբար» «168 ժամ»

Մարտ 01,2016 12:33

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«168 ժամը» բացառիկ զրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ՝ նրա ՀՀ կատարելիք այցի օրակարգի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, բանակցվող նոր համաձայնագրի, ԼՂ հակամարտության եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

– Քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Հայաստանի խոցելի կետն է։ Հայաստանը կախում ունի Ռուսաստանից անվտանգության ոլորտում, ինչը գործիք է Ռուսաստանի ձեռքին, ինչպես պնդում են բազմաթիվ փորձագետներ։ Հաշվի առնելով Հարևանության վերանայված քաղաքականությունը՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը հուսալ, որ այս ոլորտում նույնպես կարժանանա ԵՄ-ի աջակցությանը։

– Երբ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեր դիրքորոշումը քաջ հայտնի է՝ պետք է լինի հակամարտության խաղաղ կարգավորում, եւ մենք կշարունակենք աջակցել Մինսկի խմբին եւ նրա համանախագահներին՝ օգնելու նրանց լուծումներ որոնելու ջանքերին: Բայց երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ չկա ռազմական լուծում, իսկ ներկայիս ստատուս-քվոն անկայուն է։ ԵՄ-ն հետևողականորեն զսպվածության և երկու կողմերից ԵԱՀԿ-ի վարած բանակցային ջանքերին հետագա մասնակցության կոչեր է արել։

Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք տրամադրում վստահության ձևավորման կոնկրետ գործողությունների, որոնք կգան լրացնելու ԵԱՀԿ-ի ջանքերը։ Ավելին, և, ինչպես արդեն ասել եմ վերը, անվտանգությանն ավելի մեծ դեր կհատկացվի Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության մեջ՝ խնդրո առարկա երկրներից յուրաքանչյուրում անկայունության գործոնների մանրակրկիտ վերլուծության հիման վրա։ Սա կբացի համագործակցության նոր ոլորտներ, ներառյալ՝ հակամարտության կարգավորումը, պայքարն ահաբեկչության և արմատականության դեմ և անվտանգության հատվածի բարեփոխումը։

– Դեսպան, Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կոչ արեց հայաստանյան իշխանություններին՝ պատշաճ կերպով հետաքննել դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած կեղծիքների մասին՝ ընդդիմության, անկախ դիտորդների և ԶԼՄ-ների կողմից բարձրաձայնված «արժանահավատ» պնդումները։ Ինչպե՞ս կազդի այս կոչերին հայաստանյան իշխանությունների արձագանքը Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների վրա։ Այս հարցը տալիս եմ, քանի որ Հայաստանում ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները չեն պատրաստվում հետաքննություն սկսել։

– Բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննությունը կենսականորեն կարևոր է՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման և դրանց օրինականության ապահովման համար։ Բացի այդ, հարկ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե կեղծիքների մասին այս պնդումները հաստատվեն։

ԵՄ-ն ողջունում Է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի 2016թ.՝ փետրվարի 5-ի վերջնական զեկույցը, և մենք համաձայն ենք զեկույցում ներկայացված, ինչպես նաև՝ նախկինում արված դիտարկումներին և առաջարկություններին, որոնք դեռևս հարկ է հաշվի առնել։

Ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացնել համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ ամենաէական խնդիրների շուրջ, իսկ բարելավված երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031