Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «ԵԽ-ի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ». «Հայկական ժամանակ»

Մարտ 01,2016 11:22

Հատված ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հարցազրույցից:

– Պարոն դեսպան, օրեր առաջ հանրությունը ալեկոծվեց Վարդգես Գասպարիի ձերբակալությունից եւ բանտում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին տեղեկատվությունից։ Գասպարին ազատ արձակվեց, բայց նախօրեին Քրեակատարողական վարչությունը հայտարարություն տարածեց, թե այնտեղ Գասպարիի նկատմամբ բռնություններ տեղի չեն ունեցել։ ՔԿ վարչության այդ հայտարարությունը արդյոք Ձեզ արժանահավա՞տ է թվում։

– Մենք միշտ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին բանտարկյալների եւ ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ կիրառել եվրոպական չափանիշներ։ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, եւ Եվրոպայի խորհուրդը ունի հստակ չափորոշիչներ, որի շրջանակներում նաեւ հետեւում եւ վերահսկում է բանտարկյալների կամ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը։ Այս իսկ պատճառով, ես կարծում եմ, որ այն հաստատությունները, որոնք Հայաստանում պարտավոր են հետեւել այս չափորոշիչներին, պետք է մանրամասնորեն հետաքննեն ցանկացած դեպք, որի վերաբերյալ հանրային կարծիքի առումով կարող են կասկածներ լինել։ Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքերում պետք է ներգրավվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Եվ այս հաստատությունները պետք է իրենց եզրակացությունը հրապարակայնացնեն եւ հայտնեն հանրությանը։

Եթե կան կասկածներ, ապա պետք է մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհուրդն է, իր ասելիքը ասի, իր եզրակացություններով հանդես գա։ Հայաստանի շահերից չի բխում, որ իր իմիջը խաթարվի այսպիսի անհատական դեպքերի հրապարակայնացման արդյունքում, եւ ի վերջո լինի միջազգային կազմակերպությունների միջամտությունը, ինչպես, օրինակ, Գեւորգ Սաֆարյանի դեպքում եղավ։

– Պարոն դեսպան, ի վերջո Եվրամիության տեսակետից Վարդգես Գասպարին, Շանթ Հարությունյանը եւ նրա խմբի անդամները, Հայկ Կյուրեղյանը, Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։ Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ։

– Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է։ Այստեղ նույնիսկ մշակվեց «քաղբանտարկյալ» սահմանումը։ Բացի դրանից, ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյոք որոշ դեպքերում մարդը համարվե՞լ է քաղբանտարկյալ, թե՞ ոչ։ Որքանով ես եմ տեղյակ, առ այսօր ԵԽ-ի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031