Փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրի դատավոր Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր: Ա. Խաչիկյանը քաղաքացիական հայցերով դատեր էր վարում: Հունվարի 12-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Սարգսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր՝ դադարեցնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նրա լիազորությունները: Լ. Սարգսյանը նույնպես քաղաքացիական հայցերով դատեր էր վարում:
Հիմա Տավուշի մարզում քաղաքացիական գործերով դատեր վարող մեկ դատավոր կա՝ Արման Կուրեխյանը, որի նստավայրը Նոյեմբերյան քաղաքն է: Քաղաքացիական հայցերով դատեր վարելու համար Ա. Կուրեխյանը հայ-ադրբեջանական սահմանագոտով անցնելով՝ Նոյեմբերյանից հասնում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան, նաեւ Դիլիջան, որը Նոյեմբերյան քաղաքից 90 կմ հեռու է:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացանք, որ ամռանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը կհամալրվի 2 դատավորներով, ովքեր քաղաքացիական հայցերով դատեր կվարեն: Համալրումը սպասվում է հունիս-հուլիս ամիսներին, երբ արդարադատության ակադեմիան շրջանավարտներ կունենա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ