Պարզաբանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը
– Պարոն Էլիզբարյան, այսօր «Իրավունք» թերթում հրապարակում կար, որ երեկ ԲՀԿ գրասենյակում Աբրահամ Մանուկյանը խորհրդակցություն է հրավիրել։ Ի՞նչ խորհրդակցության մասին է խոսքը։
– Երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել մեկ խորհրդակցություն, որը հրավիրել էր կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը նաեւ ԲՀԿ քաղխորհրդի նախագահն է, եւ որին ներկա է եղել նաեւ Աբրահամ Մանուկյանը։ Խորհրդակցությունը, բնականաբար, տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, որին մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավարը, կանանց խորհրդի նախագահն ու ԲՀԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Գրիգորյանը։
– Իսկ ի՞նչ հարցեր են եղել օրակարգում։
Կարդացեք նաև
– Քննարկված հարցերի շրջանակը եղել է տարբեր՝ հիմնականում կուսակցական կազմակերպչական խնդիրներին առնչվող, ինչպես նաեւ՝ քննարկվել են տարածքային կառույցների աշխատանքն առավել օպտիմալ դարձնելու հետ կապված առաջարկները։ Նման խորհրդակցությունները եւ քննարկումները լինում են պարբերաբար եւ, անկեղծ ասած, հասկանալի չէ ԲՀԿ աշխատանքային ներքին օրակարգի հանդեպ նման ընդգծված ուշադրությունը։
– Միգուցե նման ընդգծված հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոալիցիայի խնդրի հետ կապված ԲՀԿ-ում կրքերը որոշակիորեն սրվե՞լ էին եւ կարծես դեռ պահպանվում են։
– ԲՀԿ-ում կոալիցիայի թեման փակված է։ ԲՀԿ նախագահը քանիցս հստակ հայտարարեց, որ ԲՀԿ օրակարգում նման հարց չկա, եւ կուսակցությունը գնում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմադիր ուժ։ Այս մոտեցումը ԲՀԿ-ում, կարծում եմ, այլեւս որեւէ մեկը չի վիճարկում եւ, վստահաբար կարող եմ ասել, որ ԲՀԿ-ում գործընթացները այլեւս գնում են ճիշտ եւ անհրաժեշտ ուղով։
– Այդուհանդերձ, պարոն Մանուկյանը խոսել է իր կողմից կազմակերպված ինչ-որ ներկուսակցական քննարկման մասին։
– Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ քաղաքական խորհրդի կազմակերպչական հարցերի պատասխանատուն է, եւ իրավունք ունի կազմակերպչական հարցերով տարածքային կառույցների տարբեր պատասխանատուների հետ աշխատանքային քննարկումներ կազմակերպել, ինչը միանգամայն նորմալ է։ Բայց, ձեր նշած հրապարակման մեջ, որքան ես հասկացա, խոսքը վերաբերում էր մեր գործընկեր Վահան Բաբայանին հանդիպելու եւ զրուցելու մասին, որը եւս միանգամայն նորմալ է։ Այլ խորհրդակցություն, կամ աշխատանքային քննարկում երեկ ԲՀԿ գրասենյակում, բացի ԲՀԿ նախագահի հրավիրած խորհրդակցությունից, տեղի չի ունեցել։
Իսկ ընդհանրապես՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը ակտիվ, գործող գրասենյակ է, միշտ էլ մեր պատգամավորները, տարածքային կառույցների ներկայացուցիչները, կուսակցական մեր գործընկերները, տարբեր հարցերի շուրջ օրվա մեջ լինում են գրասենյակում։ ԲՀԿ երիտասարդական կառույցը գրեթե ամեն օր աշխատանքային քննարկում է կազմակերպում տարբեր խնդիրների վերաբերյալ, եւ դա է նորմալ կուսակցական աշխատանքը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ